Պետք է ուրախանաք, որ իշխանությունները որևէ կոմպլեքս չունեն որևէ քրեական գործով որևէ մեկի նկատմամբ այսպես հետևողական ինչ-որ խնդիր լուծելու. Անդրանիկ Քոչարյան

«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն՝ տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում: Մեզ զանգեցին ասին, որ ԴՆԹ համընկնում կա»,- սա հատված է լրատվամիջոցներից մեկում տպագրված հոդվածից, որին այսօր անդրադարձ եղավ ԱԺ-ում:

Խորհրդարանում լրագրողն անդրադառնալով այս հոդվածին՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչու էին իշխանությունները գաղտնի պահում տեղեկությունը, որ ինքնաթիռը ոչ թե դատարկ էր վերադառնում՝ առանց գերիների, այլ բերում էր զինծառայողների խոշտանգված մարմիններ:

Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ մանրամասն ծանոթանալ այդ դեպքին, որից հետո միայն պատասխանել հարցին:

Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալի մեղադրանքներին՝ նա նշեց. «Նախաքննական մարմինը, այն, ինչ պետք է տեղեկացներ հասարակությանը, տեղեկացրել է, և ես կարծում եմ՝ սա այն թեման է, որ բոլորս հետաքրքրված ենք, որպեսզի բացահայտվի. բանակին վերաբերող որևէ մութ դրվագ, էջ չպետք է լինի. կոռուպցիան պետք է բանակից հանել, ոչնչացնել:

Երբ ես ասում եմ ՝ ամեն դղյակի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է, դա իրողություն է: Եթե քարը դրված է, և այդ պաշտոնյան հատկապես ԶՈՒ գեներալիտետին է վերաբերում՝ կարևոր չէ՝ նախկին թե ներկա, եթե չկա բացատրություն, նշանակում է՝ դա ինչ-որ տեղից բանակից է դուրս եկել, ինչն էլ նշանակում է՝ սպառազինության վրա ազդեցություն, սպառազինություն, որը պետք է կրակեր հակառակորդին լռեցնելու համար»:

Դիտարկմանը, թե փաստորեն կոռուպցիոն դրսևորումը այս իշխանության ժամանակ է եղել, քանի որ ըստ մեղադրանքի էլ է այդպես՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ 2011 թվականի գործարքն է ունեցել շարունակություն:

«Ես որևէ մեկի անունը մտադիր չեմ տալ, բայց երբ կիրակի օրը «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի ժամանակ Հրայր Թամրազյանը կարդաց Մուրադյանի պարգևները, ես, ճիշտն ասած, մի քիչ զարմացած էի, որովհետև ռազմական ավիացիայի վերաբերյալ, գոնե 2016 թ.  Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում մի ամբողջ գլուխ նկարագրված էր, թե ինչ վիճակ է տիրել, և այդ ժամանակ ավիացիայի վարչության պետը ստանում է շքանշաններ՝ մեկը մեկից պարտավորեցնող, գեներալի կոչում»,- հավելեց նա:

Լրագրողը նկատեց, որ կան տեսակետներ, թե Տոնոյանը շատ ասելիք ունի, և գուցե այս քայլով իշխանությունները նախահարձակ են եղել նրան լռեցնելու: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց սենսացիա չփնտրել՝ հերքելով Տոնոյանի՝ «քավության նոխազ» լինելու տարբերակը:

Հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ Տոնոյանն այնպիսի հայտարարությամբ հանդես գա, որն այս իշխանություններին կհարվածի, որովհետև հսկայական տեղեկության է տիրապետել, նա պատասխանեց.

«Եթե դրանք փաստարկված են, դա իր իրավունքն է:

Ճիշտ հասկացեք, դուք պետք է ուրախանաք, որ իշխանությունները որևէ կոմպլեքս չունեն որևէ քրեական գործով որևէ մեկի նկատմամբ այսպես  հետևողական ինչ-որ խնդիր լուծելու»:

Տեսանյութեր

Լրահոս