Արդարադատության նախարարը թքա՞ծ ունի միջազգային զեկույցների վրա, թե՞ չի կարդում դրանք. ի՞նչ է ասում GRECO-ն

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, հրապարակել է հերթական զեկույցը գնահատման չորրորդ փուլի շրջանակում արված առաջարկությունների կատարման վերաբերյալ:

Անդրադառնալով դատական համակարգին՝ GRECO-ի զեկույցի 78-րդ կետում նշվում է.

«Ինչ վերաբերում է դատական ​​համակարգին, ապա արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի հարուցումը չի դադարեցվել, և առկա իրավիճակը համատեղելի չէ դատական իշխանության ​​անկախության հետ»:

Սա, մեղմ ասած, ԵԽ հակակոռուպցիոն մարմնի կողմից տրված շատ խիստ գնահատական է: GRECO-ն տառացիորեն ասում է, որ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ այսքան մեծ քանակի կարգապահական վարույթներ հարուցելու պրակտիկան համատեղելի չէ դատարանների անկախության հետ:

Շարունակելով՝ GRECO-ն ասում է, որ բողոքարկման ճիշտ մեխանիզմներ կան  դատավորների նշանակման և առաջխաղացման վերաբերյալ որոշումների, բայց ոչ ազատման որոշումների դեպքում:

Հիշեցնենք, որ դեռևս ս/թ օգոստոսի 18-ին միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել էր այդ հարցին:

«Չմոռանանք, որ կարգապահական վարույթներ հարուցող սուբյեկտը եղել է արդարադատության նախարարը, մի գործիք, որը հակասում է դատավորների անկախությանը: Դեռևս 2018թ. ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանություններին հանձնարարական էր տվել վերացնել արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը, քանի որ նախարարը ներկայացնում է գործադիր իշխանությունը, և նախարարի միջոցով գործադիրը կարող է ճնշում գործադրել դատավորների նկատմամբ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը հանձնառու էր եղել այդ գործիքի կիրառումը խիստ սահմանափակել, սակայն իրականում ամենաանհեթեթ առիթներով արդարադատության նախարարը միջնորդում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել:

Տեղին է հիշել, որ զեկույցը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին: Զեկույցի հրապարակումից ուղիղ 8 օր անց՝ սեպտեմբերի 30-ին, սակայն, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն դիտարկմանը, թե նախկին նախարար Ռուստամ Բադասյանը բազմաթիվ կարգապահական վարույթներ էր հարուցում դատավորների նկատմամբ, ասաց՝ ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու:

«Շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ: Եվ դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցների, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցենք»,- հպարտորեն ասել էր արդարադատության նախարարը:

Անդրադառնալով GRECO-ի զեկույցին՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ միջազգային կառույցները սկսում են չմարսել ժողովրդավարության կարգախոսներով իշխանության եկած, սակայն բռնապետական հակումներ դրսևորող իշխանության կամայականությունները:

«Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) զեկույցի մեջ ընդգծված ուշադրություն է դարձվել Հայաստանում դատավորների նկատմամբ հետապնդումներին, որոնք դրսևորվում են կարգապահական վարույթների շքերթով: Մասնավորապես, զեկույցում հստակ արձանագրվել է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել, իսկ այդ պրակտիկան անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ։ Արձանագրվել է նաև, որ անհրաժեշտ է նախատեսել ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ, հատկապես, երբ հարցը վերաբերում է դատավորների լիազորությունների դադարեցմանը»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ պետք է  արդեն դիմել գործուն քայլերի:

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ դատական համակարգի բնաջնջման հարցում մտահոգ մարդկանցով դիմում նախաձեռնեն միջազգային կառույցներին՝ կապված գործերի մակագրման համակարգչի «անժամկետ կոմայի» մեջ հայտնվելու դեպքով»,- եզրափակեց փաստաբանը:

Ինչևէ, սպասենք միջազգային կառույցների արձագանքին: Անկասկած է մի բան. GRECO-ի հանձնարարականների անտեսումը չի կարող անհետևանք մնալ:

Տեսանյութեր

Լրահոս