Ում աչքին են ուզում թոզ փչել նախարարն ու փոխվարչապետը

Կառավարության վերջին նիստերից մեկում էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էր, որ այս տարի խաղողի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինի։

Երկարացվել է խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետայնությունը. 1 տարուց դարձել է 3 տարի։ Նախարարի ասելով, դա պայմաններ է ստեղծել, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ լինեն ու ավելի մեծ ծավալով մթերումներ կազմակերպեն։ Մյուս կողմից՝ նրանք հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, կկարողանան ապագայում ավելի շատ արտահանել։

«Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա։ Կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,- ասում էր նախարարը։

Թե ինչ եղավ նախարարի այս հավաստիացումներից հետո, հետո պիտի երևար։

Օր ու մեջ խաղողագործները փակում էին ճանապարհները։ Այսօր էլ շարունակում են փակել։ Նրանք բողոքում են՝ ինչպես մթերումների կազմակերպումից, այնպես էլ՝ մթերման գներից։ Մարդիկ դժգոհում են, որ բերքը շատ ցածր գնով է մթերվում։ Այն գրեթե հավասար է ինքնարժեքին։ Նման գնով մթերումները չեն արդարացնում խաղողի մշակումը։

Մինչ խաղողագործները պահանջում էին բարձրացնել մթերման գները, էկոնոմիկայի նախարարը, ով ի պաշտոնե պատասխանատու է մթերումների պատշաճ կազմակերպման համար, հայտարարում էր, թե կառավարությունը պարտավորված չէ միջամտել գներին և պետք է ձեռնպահ մնա դրանից։

«Ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից։ Մենք չենք խառնվի պոմիդորի, կարտոֆիլի կամ որևէ այլ ապրանքի գնին, և ինչո՞ւ պետք է խառնվենք խաղողի գնին։ Սա միայն շուկայական հարաբերություններ են»,- ասում էր նախարարը։

Նախարարի տրամաբանությամբ՝ կառավարությունը կարող է իրեն թույլ տալ պետության հաշվին օժանդակել մթերողներին, որպեսզի նրանք մթերեն գյուղացու բերքը, իսկ մթերողներն ինչպես ուզեն, այնպես կարող են վարվել գյուղացու հետ։

Անշուշտ, շուկայական հարաբերությունների պայմաններում գինը որոշվում է շուկայում։ Բայց դա Հայաստանի համար չէ։ Հայաստանում գները որոշվում են ոչ թե շուկայում, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Դրանում բազմիցս ենք համոզվել։

Պարզվեց, այն հայտարարությունը, որ կառավարությունը չպիտի միջամտի խաղողի մթերման գներին, նախարարն ինքնագլուխ է արել։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում ճիշտ հակառակ խոտովանությունն արեց։ Ըստ նրա, մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տեխնիկական սորտի խաղողը պիտի մթերվի 130 դրամից ոչ ցածր գնով։

Այլ բան, այդպես կլինի՞, թե՞ ոչ։

Միշտ էլ կգտնվեն պատճառներ՝ մթերումից հրաժարվելու կամ ցանկալի գնով կատարելու համար։ Որակի պատճառաբանությունը հա էլ կա ու կա։

Այդպես է, որովհետև խնդիրները համակարգային են։ Բոլորովին էլ պարտադիր չէ, որ կառավարությունը միջամտի մթերումներին կամ շուկայական գների ձևավորմանը։ Բայց իր մասնակցությամբ կարող է օժանդակության այնպիսի մեխանիզմներ կիրառել, որպեսզի չտուժի ինչպես մթերողը, այնպես էլ գյուղացին։

Հիմա կառավարությունը մթերողին ֆինանսական գործիք է տրամադրել, որը թույլ է տալիս նրան հնարավորինս մեծ քանակությամբ խաղող մթերել։ Բայց օգտվելով արտոնյալ հնարավորությունից՝ մթերողն իր պայմաններն է թելադրում՝ նաև գնի տեսքով, իսկ գյուղացին այլ տարբերակ չունի։

Գյուղացին ստիպված է կամ համակերպվել և առաջարկվող գնով հանձնել բերեքը, կամ եղածն էլ կորցնել։

Այսպիսի հարաբերությունների պայմաններում գյուղացին չունի պաշտպանության և իրադարձությունների վրա ազդելու որևէ հնարավորություն։ Միակ միջոցը մնում է ճանապարհ փակելը։ Չնայած դա էլ միշտ չէ, որ արդյունք է տալիս։ Օրերս ականատես եղանք, թե ոստիկաններն ինչպիսի բիրտ ուժ են կիրառում՝ իրենց բողոքի ձայնը ճանապարհ փակելու միջոցով արտահայտող խաղողագործների նկատմամբ։

Քանի դեռ նման հարաբերություններ են խաղողագործների և մթերողների միջև, գյուղացին շարունակելու է տուժող լինել։ Վաղը մթերման գներն ավելի շատ կիջնեն, ու գյուղացին ոչինչ չի կարողանալու անել։ Այնպես, ինչպես եղավ նախորդ տարի, երբ մթերման գներն իջան՝ 80-90, ընդհուպ՝ մինչև 50 դրամ։ Անգամ այդ գնով մարդիկ ստիպված էին հանձնել բերքը, որպեսզի ընդհանրապես չկորցնեին իրենց ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը։

Բայց սա, իհարկե, խնդրի լուծում չէ։ Ամեն տարի նույն պատմությունն է. մթերումների հետ կապված բողոքների ու դժգոհությունների պակաս չկա։

Այս տարի, ինչպես հավաստիացնում են խաղողագործները, բերքն ավելի քիչ է։ Թվում է, թե դա հիմք է, որպեսզի մթերման գներն էլ բարձր լինեն։ Բայց այդպես չէ։

Պատճառներից մեկն էլ այն է, որ մթերողներին երբեմն ուղղակի կամ անուղղակի միջոցներով պարտադրում են գնել ավելի շատ, քան դրա կարիքն ունեն։

Ինչպես հավաստիացնում են ոլորտի մասնագետները, հայկական ձեռնարկություններն այս տարի ունեն ընդհանուր առմամբ 100-120 հազար տոննա խաղողի կարիք։ Սա անհամեմատ քիչ է, քան էկոնոմիկայի նախարարի ներկայացրած կանխատեսումը։ Նախարարը խոսում է շուրջ 180 հազար տոննայի մթերման մասին։

Այստեղից էլ առաջանում է այն հիմնական խնդիրը, որն ի հայտ է գալիս գնի հարցում։ Երբ մթերողին այդքան խաղող պետք չէ, իսկ նրան տարբեր ձևերով հորդորում կամ պարտադրում են մթերել, նա էլ գնում է նման քայլի՝ իջեցնում է գները։

Այդպես է եղել միշտ, այդպես կլինի նաև այս տարի։ Հիմա էլ առանձին ձեռնարկություններ պատրաստ են մթերել առաջարկվող ամբողջ բերքը։ Այլ բան է գնի պարագան։ Խաղողագործների բողոքներն ու դժգոհություններն առաջին հերթին գնի շուրջ են։ Բայց սա այն դեպքը չէ, երբ վաճառողը փորձում է իր ապրանքը բարձր գնով վաճառել, իսկ գնորդը՝ ցածր գնով գնել։ Գնորդը հնարավորություն ունի թելադրել իր պայմանները, իսկ վաճառողը ստիպված է լինում համակերպվել դրա հետո, որովհետև այլընտրանք չունի։ Այլընտրանքը բերքի կորուստն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս