Լիցենզավորման ենթակա բոլոր կազմակերպությունները սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնեն իրական շահառուների հայտարարագիր

Սեպտեմբերի 1-ից սկսվել է լիցենզավորվող ընկերությունների՝ որպես իրական շահառու հայտարարագիր ներկայացնելու գործընթացը։ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» թեմայով աշխատանքային քննարկումից հետո «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ բիզնեսի իրական սեփականատերերի կամ շահառուների թափանցիկության ապահովման մասին օրենսդրությունն ամբողջությամբ ընդունվել է այս տարի հունիսին:

«Սեպտեմբերից սկսվել է լիցենզավորվող ընկերությունների, այդ թվում՝ հեռուստառադիոընկերությունների հայտարարագրման գրոծընթացը: Բոլոր այն ընկերությունները, որոնք Հայաստանում ենթակա են լիցենզավորման, պարտավոր են սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել հայտարարագիր իրենց իրական շահառուների վերաբերյալ, նրանց տվյալները:  Իրական շահառուն այն անձն է, որը տվյալ բիզնեսում 20 և ավելի տոկոսի բաժնետեր է հանդիսանում, մասնակցություն ունի, և կամ այն անձը, որն ունի էական ազդեցություն տվյալ կառույցում ռազմավարական որոշումների ընդունման վրա: Կարող է չլինել 20 և ավելի տոկոս բաժնետեր, բայց նա կարող է ամբողջությամբ ինքը լինել ռազմավարական որոշումներ կայացնողը տվյալ բիզնեսում»,- ասաց Դոյդոյանը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Անի Վարդերեսյանը քննարկման ընթացքում ներկայացրեց, որ ի վերջո ՀՀ-ում գործող բոլոր իրավաբանական անձինք ներկայացնելու են այդ հայտարարագրերը, ուղղակի գործընթացը լինելու է փուլային:

«Սկսել ենք մեծ կազմակերպություններից՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, այս պահին միանում է հանրային ծառայությունների, նաև հեռուստատեսություն և ռադիո, լիցենզավորվող, ենթադրաբար ավելի մեծ կազմակերպություններ, որոնք ավելի հեշտ հաշվետվողականության նոր մեխանիզմին կծանոթանան: Մյուս բոլոր առևտրային կազմակերպությունները, բացի ՍՊԸ-ներից, որոնք միայն ֆիզիկական անձ հիմնադիրներ ունեն, միանալու ենք 2022թ.-ի սկզբից՝ հունվար-մարտ, իսկ ոչ առևտրային կազմակերպությունները և ՍՊԸ-ները, որոնք միայն ֆիզիկական անձ հիմնադիրներ ունեն, միանալու են 2023թ.-ի հունվար-մարտ ընկած ժամանակահատվածում: Փորձել ենք ռիսկայինից գնալ ոչ ռիսկային, մեծից փոքր»,- ասաց Վարդերեսյանը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանն իր  տարակուսանքը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ հանքերին հաջորդում է հենց մեդիան, քանի որ ոլորտները բոլոր առումներով անհամեմատելի են:

«Ինչո՞ւ հենց հանքեր ու հեռուստաընկերություն կամ մամուլ: Կարող էր լինել հանքեր և կարի ֆաբրիկաներ, կամ հեռուստաընկերություն և ռեստորաններ, ինչի՞ հենց հանքը լրատվամիջոցի հետ, մեզ համար որպես լրատվամիջոցի ղեկավար՝ հոգեբանորեն ծանր է այս հարցը, որ համադրում են, որովհետև ես հազիվ իմ գոյությունը քարշ եմ տալիս, իսկ հանքերը, ասում են, մեծ եկամուտներ ունեն: Ինչի՞ էս երկու ոլորտները համադրեցիք, մենք հոգեբանորեն ճնշվում ենք»,- ասաց Հակոբյանը և վստահեցրեց, որ ոչինչ չի փոխվելու իրենց հայտարարագրերում, որովհետև մինչ այդ էլ գրանցված էին իրական սեփականատերերը:

Հակոբյանի հարցին ի պատասխան՝ նշեցին, որ ի վերջո բոլոր կազմակերպություններն էլ ներկայացնելու են այդ հայտարարագրերը, տարբերությունը լինելու է մի քանի ամիս: Քննարկման ընթացքում «5-րդ» ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը սեփական օրինակով հարցրեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Անի Վարդերեսյանին, թե ո՞վ է համարվում իրական շահառուն, եթե կա սեփանակատեր, որը ֆինանսավորում է, և տնօրեն, որը որոշումներ է կայացնում:

«Ես ունեմ սեփականատեր և հիմնարկը ղեկավարում եմ ես: Սեփանակատիրոջ հետ ես հանդիպում եմ ամիսը 1 անգամ 5 րոպեով, ինքը չի վերահսկում: Իմ պայմանավորվածությունը դա է եղել, որ ես չեմ հանդուրժելու վերահսկողություն և միջամտություն: Հիմա ե՞ս եմ հիմնարկի տերը, թե՞ իմ սեփականատերը: Ֆինանսը տալիս է սեփականատերը, բայց կառավարումն իրականացնում եմ ես»,- հարցրեց Հարությունյանը:

«Դա նորմալ իրավական կարգավիճակ է, որ գործադիր տնօրենն իրականացնում է իրավաբանական անձի անկախ ընթացիկ վերահսկողություն: Այն, որ բաժնետերն ունի որոշակի իրավունքներ, որ չունի գործադիր տնօրենը, դա նույնպես նորմալ իրավական վիճակ է, խոսքը նրա մասին չէ, թե ով է կազմակերպությունում ընթացիկ որոշումներ կայացնում, որովհետև մենք գիտենք, որ առօրյա որոշումներ կայացնողը տնօրենն է, խոսքը նրա մասին է, թե ո՞վ է այն անձը, ով կարողանում է, օրինակ, դուստր կազմակերպություն ստեղծել, կանոնադրություն փոխել: Երբ ասում ենք՝ մասնակցության ուժով, դա իրավական հնարավորությունն է այդ անձի, թե ինչքանո՞վ է ակտիվ մասնակցում, կախված է կազմակերպությունից, բայց դա իրավական հնարավորությունն է այդ անձի՝ կայացնել որոշումներ, որոնք էական են կազմակերպության կյանքի համար: Եթե ունեք սեփականատեր, որը 20 և ավելի տոկոս մասնակցություն ունի, նա այդ կազմակերպության իրական շահառուն է, եթե չկա նման անձ, որը իրավաբանորեն միայնակ կարող է որոշումներ կայացնել ընկերության անունից, ապա ներկայացվում է տնօրենի տվյալները և նշվում է, որ այս անձը ոչ թե մասնակցության ուժով է, այլ՝ որովհետև ղեկավարում է  իրականացնում՝ որպես գործադիր տնօրեն»,- պատասխանեց Վարդերեսյանը:

Քննարկման ընթացքում նաև հնչեց մտահոգություն, որ «իրական սեփականատերերի» անվան տակ կարող են թաքնված լինել այլ մարդիկ, օրինակ՝ կազմակերպությունը, որը գրանցվում է՝ որպես իրական սեփականատեր, գրանցված է մի մարդու անունով, սակայն պատկանում է նրա մորաքրոջ, քեռու տղային: Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ այստեղ մեծանում է հասարակական կազմակերպությունների և մամուլի դերը:

«Այս ռիսկը շարունակելու է մնալ, այս ռիսկերը չեն չեզոքացվել, բայց այստեղ շատ լուրջ դեր ունեն նաև լրագրողները, լրատվամիջոցները, ՀԿ-ները, որոնք կարող են հրապարակային հիմնավորված կասկածներ հնչեցնել, և արդեն պետական լիազոր մարմինը պետք է զբաղվի դրանց ճշգրտությունը կամ ոչ իսկությունը ստուգելու համար»,- ասաց Դոյդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս