4 ամիս է՝ ադրբեջանցիները Հայաստանում են, 4 ամիս՝ ի՞նչ եք բանակցում. Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից հարցրեց, թե ի՞նչ փուլում են բանակցությունները ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ:

«Այսօր մենք թևակոխում ենք հինգերորդ ամիսը, ինչ ադրբեջանցիք ներխուժել են Հայաստան՝ Սև լճի և Վերին Շորժայի սահմաններում: 4 ամիս առաջ հայտարարվեց, որ բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանցիների հետ: Կխնդրեի որոշակի տեղեկություններ, թե 4 ամիս ի՞նչ ենք բանակցում, ի՞նչն է բանակցությունների առարկան և ի՞նչ առաջընթաց ունենք այդ ադրբեջանցիների հետ, որ հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- հարցրեց Խաչատրյանը:

Ալեն Սիմոնյանը խուսափեց պատասխանել հարցին՝ պնդելով, թե ճիշտ չէ ուղիղ եթերում մանրամասներ հայտնել բանակցություններից:

«Պաշտոնական տեղեկատվությունից դուրս առավել ևս ճիշտ չեմ համարում հիմա որևիցե հայտարարություն անել բանակցությունների ընթացքի վերաբերյալ, քանզի դրանք կարող են անմիջականորեն ազդեցություն ունենալ բանակցությունների վրա»:

Արթուր Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, թե ումի՞ց են գաղտնի պահում բանակցությունների ընթացքը:

«Զուտ հիպոթետիկ է, թե ինչքանո՞վ կազդեն, որովհետև ումի՞ց գաղտնիք ունենք, ադրբեջանցիների՞ց, ում հետ արդեն բանակցում ենք: Այդ «գաղտնի բանակցություններ», «ոսկերչական բանակցություններ», «ինչի շուրջ ուզում՝ բանակցում ենք», այդ ամեն ինչը լսել ենք, ու պրոցեսը ոչ մի լավ տեղ չի տարել»,- ասաց Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս