Իրենք փորձում են ակտիվ համագործակցել նաև Հայաստանի հետ, որ կարողանան այլ պրոյեկտների շրջանակներում ապահովել բեռնափոխադրումներ իրենց տարածքով. վրացագետ
Պաշտոնական Երևանն ու Թբիլիսին գիտակցում են, որ արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն կա. 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստան կատարած այցին՝ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Քանի որ վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցերից մեկը եղավ Իրան, երեկ էլ տարածաշրջանի մեկ այլ երկիր՝ Վրաստան, Ջենի Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք ասել, որ այս այցելություններով նաև ընդգծվում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ի պատասխան՝ նա ասաց. «Այո. Երևանը վերջին տարիներին շեշտադրված մատնանշում է իր հետաքրքրվածությունը թե՛ Վրաստանի, և թե՛ Իրանի հետ համագործակցության ակտիվացման և խորացման առումով: Արդեն պրակտիկա է դարձել, երբ ընտրվելուց, վերընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցերը եղել են կա՛մ Թեհրան, կա՛մ Թբիլիսի, ինչը ևս մեսիջ է Երևանից հարևան երկրներին, որ Երևանը պատրաստ է այնքանով, ինչքանով պատրաստ են Թբիլիսիում և Թեհրանում ակտիվացնել հարաբերությունները, նոր հարցեր ներառել միջպետական օրակարգ և նախաձեռնություններ սկսել տարբեր մեգապրոյեկտների շուրջ»:
Հիշեցնենք՝ երկու երկրների վարչապետները ճեպազրույցում անդրադարձել էին նաև տարածաշրջանային թեմաներին, լուծումներին, խոսել տարանցիկ ներուժի, տրանսպորտային և էներգետիկ փոխգործակցության մասին:
Իսկ թե որքանո՞վ է Վրաստանին ձեռնտու տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հաշվի առնելով այդ հարցում նախկինում ունեցած մոնոպոլ դիրքերը՝ մեր հաջորդ հարցին Ջոնի Մելիքյանը պատասխանեց.
«Վրաստանում պրագմատիկ կառավարություն է, և իրենք ապագային միտված տենդենցներից ելնելով են իրենց քաղաքականությունը պլանավորում, ուստի, եթե փոխվում է տարածաշրջանը, ստատուս-քվոն է փոխվում, իրենք պետք է ադապտացվեն, ինչը փորձում են անել, և նոր նախաձեռնությունների համահեղինակ դառնալ տարածաշրջանում:
Վրաստանն այսօր դեռևս մնում է մոնոպոլիստ՝ կապելով Ադրբեջանին և Թուրքիային, Հայաստանին և Ռուսաստանին, բայց ապագայում, կա ընկալում, որ այդ մոնոպոլ դիրքն արդեն անցյալում կմնա, և իրենք այսօրվանից արդեն փորձում են ակտիվ համագործակցել նաև Հայաստանի հետ, որ կարողանան այլ պրոյեկտների շրջանակներում ապահովել բեռնափոխադրումներ իրենց տարածքով, իրենց միջանցքով»:
Մեր զրուցակցին խնդրեցինք անդրադառնալ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն ձևակերպմանը, որով նա հույս էր հայտնում, թե Արցախյան պատերազմը, որը տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, կվերածվի նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին:
Ի՞նչ նոր հնարավորության մասին է խոսում Ղարիբաշվիլին՝ հարցին վրացագետը պատասխանեց. «Այս հայտարարությունը, պարզ է, որ դիվանագիտական ձևակերպումով էր, և իմ կարծիքով՝ կարիք կար ցույց տալու, որ եղավ Արցախյան երկրորդ պատերազմը, որը բավականին լուրջ հարված էր թե՛ տարածաշրջանի, և թե՛ Հայաստանի համար բայց այսօր քանի որ կան նոր նախաձեռնություններ, և կա տարածաշրջանի ապաբլոկավորման այս գաղափարը, և ինչ-որ չափով պրոցեսը, միգուցե այս ամենը նաև բերի դրական ինչ-որ բաների: Ես այսպես եմ ընկալում այդ հայտարարությունը: Բայց այստեղ պետք է նկատենք, որ բարդ է հասնել այդ ապաբլոկավորմանը. չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը զրոյացնի այս նախաձեռնությունները»:
«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցերի, դրա շրջանակում նոր հնարավորությունների մասին նա մանրամասնեց. «Շատ կարևոր է, որ Ադրբեջանն իր ապակառուցողական մոտեցմամբ այդ պրոյեկտին չխոչընդոտի, որովհետև վերջին շրջանում ճանապարհի փակումը բավականին լուրջ հարված էր նաև հենց այս միջանցքի ձևավորմանը, ուստի մենք արդեն տեսնում ենք, որ Ադրբեջանը միակողմանի է տեսնում ապաբլոկավորումը, և Ադրբեջանին պետք է իջեցնենք երկնքից:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Թբիլիսին հետաքրքրված է տարածաշրջանային մեգապրոյեկտներով, որպեսզի Վրաստանը դառնա տարանցիկ երկիր: Եվ շատ կարևոր է, որ թե՛ իրենք, թե՛ մենք կարողանանք միջազգային լծակներն օգտագործել, որպեսզի մեր գործընկերներն ու դաշնակիցներն Ադրբեջանին ստիպեն կատարել այն կետերը, որի տակ առկա է իրենց նախագահի ստորագրությունը, որպեսզի Ադրբեջանը չխոչընդոտի նման պրոյեկտների իրականացմանը, քանի որ այս ամենը ոչ միայն Հայաստանի, այլ ավելի լայն շրջանակների է վերաբերում, իսկ Ադրբեջանն արդեն վնասելու է այլ պետությունների շահերին»:



