Բնակչության նվազումն արդեն անվտանգությանը վնասող ֆենոմեն է. սոցիոլոգ
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշների հունվար-հուլիս ամիսների նախնական տվյալները:
Համաձայն հրապարակման՝ բնակչության բնական աճը հունվար-հուլիսին կազմել է 1252 մարդ, ինչը 1,8 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, և շուրջ 2.9 անգամ՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշի հետ համեմատելու դեպքում:
Մինչդեռ ընդամենը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում, ներկայացնելով 2050 թվականի իրականացվելիք ռազմավարական նպատակները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր բնակչությունը թիվն առնվազն 5 միլիոնի հասցնելու մասին: Ինչպես կասեր դասականը՝ «Հառաջիմություն կը պոռանք և ետ-ետ կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք։ Ո՜հ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գո՞րծ․․․»:
Սակայն հայրենի կառավարությունը «չի նահանջում» իր լավատեսությունից. Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում մասնավորապես նշվում է, որ գործադիրը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին՝ ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։
Իսկ միգրացիոն քաղաքականության ոլորտում կառավարության առաջնահերթություններից է ձևակերպվել երկրում միգրացիայի պետական կառավարման հայեցակարգով նախատեսված՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորմանը, միգրացիոն հոսքերի կառավարմանը, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարմանը, հայրենադարձության խթանմանն ուղղված գործողությունների կատարման ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործումը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ժողովրդագրական ընդհանուր միտումներին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը ցավով արձանագրեց. «Գնում ենք դեպի դեպոպուլյացիա, այսինքն՝ բնակչության նվազում»:
Նա մանրամասնեց՝ դեպոպուլյացիայի հիմնական պատճառներից են ծնելիության կտրուկ նվազումը, արտագաղթը, իսկ վերջին շրջանում՝ համավարակն ու հատկապես պատերազմը.
«Ծնելիությունը խորհրդային շրջանի համեմատ շուրջ 50 տոկոսով կրճատվել է, մյուս պատճառն արտագաղթն է: Այս ամենի հետևանքը բնակչության ծերացումն է: Եվրոպական երկրներում նույնպես նկատվում է դեպոպուլյացիա, բայց այնտեղ հիմնական պատճառը ծնելիության անկումն է:
Եթե այդ գործընթացները շարունակվեն այս միտումներով, միջազգային կառույցներն էլ են փաստում, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը հասնելու է 1.8-2 միլիոնի. այսինքն՝ բնակչության նվազումն արդեն անվտանգությանը վնասող ֆենոմեն է»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ, եթե վերջին տարիներին մի քանի մարզում էր հավասարվում ծնունդների և մահերի թիվը, ապա 2020 թվականին այդ տենդենցը ամբողջ Հայաստանի տարածքով է, ինչը վկայում է, որ բնակչության աճ չկա, կամ այն շատ դանդաղել է:
Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներին՝ Գևորգ Պողոսյանն ասաց. «Ունենք ցավալի կորուստներ: Պատերազմին զոհված հազարավոր երիտասարդները հետո պետք է ընտանիքներ կազմեին, կամ կազմել էին և երեխաներ պետք է ունենային: Հետևանքները մենք դեռ տեսնելու ենք 15-20 տարի հետո»:
Սոցիոլոգը նկատեց նաև, որ այս տարի աննախադեպ բարձր է արտագաղթողների թիվը, ինչը կրկին պատերազմի ուղիղ հետևանքն է. այդ միտումն, ըստ նրա, դեռ երկար կպահպանվի:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան ժողովրդագրությանն ուղղված կառավարության ծրագրերը՝ Գևորգ Պողոսյանը նշեց.
«Միջազգային փորձը վկայում է, որ շատ դժվար է վերականգնել աճը՝ ծնելիությունը խթանելով. Հայաստանի պարագայում, ծնելիություն խթանելուց բացի, մենք պետք է մտածենք հայրենադարձության մասին: Դրա փորձն ունենք. Երկորրդ համաշխարհային պատերազմից հետո բավականին մեծ հայրենադարձություն կազմակերպվեց Սովետական Հայաստանում: Դա ամենալուրջ մեխանիզմն է, որ կարող է համալրել բնակչությունը, մինչդեռ այս ուղղությամբ շատ քիչ բան է. ցավոք սրտի, ես լուրջ ծրագրեր չեմ տեսնում»: