Բաժիններ՝

Պլպլան ժամի որմնանկարները տեղի քահանայի գիտությամբ ծածկվել են սպիտակ ներկով

Գյումրիի Սուրբ Միքայել Հրեշտակապետի ուղղափառ եկեղեցու կամ, ինչպես շատերին է հայտնի՝ Պլպլան ժամի որմնանկարները ծածկվել են սպիտակ ներկով։

Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տարածել՝ նշելով, հուշարձանների պետական ցանկում գրանցված հուշարձան է, և ցանկացած կամայական փոփոխություն պետք է համաձայնեցվի նախարարության հետ:

«Վերջերս տեղի ունեցած բազմաթիվ վեճերի հետևանքով որոշում է կայացվել՝ մաքրել ոչ միայն գմբեթի, այլև ամբողջ եկեղեցու որմնանկարները՝ ի հանգստություն ըմբոստ ընդդիմադիրների, որոնք տարված դավադրապաշտական տեսություններով՝ պահանջում էին այն հեռացնել։

Այժմ բոլոր որմնանկարները մաքրվել են, բայց աչքը դեռ կա։ Ես չեմ քննարկում աչքի մասոնական լինելը կամ Աստծոն պատկանելը (շատերը պնդում են, որ դա Աստծո ամենատես աչքն է), բայց այն մշակութային արժեքը ու ռեսուրսները, որոնք քամուն են տրվել, ուղղակի աններելի են»,- սոցիալական ցանցում գրել է քաղաքացի Ալեքսանդր Մարտիրոսյանը:

Ի դեպ, քաղաքացիների փոխանցմամբ՝ այն 2 ամիս առաջ են մաքրել ռուսական եկեղեցու որոշմամբ:

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ ասաց.

«Քահանան իր ազատությունն ունի եկեղեցում, պարզապես Մշակույթի նախարարության հետ պետք է համաձայնեցվեր: Իրենց միջամտություններին մենք չենք կարող միջամտել»:

Նշենք, որ Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցին ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատուն է՝ Գյումրիում, «Պատվո Բլուր» հարթակում: Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։

1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից կառույցը վնասվել է և ոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս