Մակրոտնտեսություն. Խոստումներ և արդյունք
Մեր վիճակագիրները հստակ պարբերականությամբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշներ են հրապարակում: Իսկ իշխանությունները նույն պարբերականությամբ նախընտրում են գովերգել այդ թվերը: Կամ՝ այդ թվերի մի մասը:
Գովերգել՝ չնկատելու տալով անբարենպաստ վիճակ արձանագրած մակրոցուցանիշները:
Հիմա արդեն հայտնի է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով: Հիմա արդեն հայտնի է, որ իշխանությունների երազած-խոստացած (և նույնիսկ հայտարարած) երկնիշ տնտեսական աճը չկայացավ: Մակրոտնտեսական ցուցանիշները տարբեր իրավիճակներ են արձանագրում: Դիտարկենք դրանք պաշտոնական վիճակագրության սահմանած հերթականությամբ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին 1,225,726.5 մլն դրամ է: Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան 2019թ․ արձանագրվել էր:
Աճը հիմնականում հանքարդյունաբերության (ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արտադրության) հաշվին է: Դրան հետո կրկին կանդրադառնանք:
Հիմա՝ շինարարության թվերը:
2019թ. հունվար-հուլիսին մեր երկրում կատարված շինարարության ծավալը 166 մլրդ 784.2 մլն դրամ էր: 2020թ․ ոլորտը 22.6 տոկոսանոց անկում գրանցեց՝ կատարվել էր 137 մլրդ 567,7 մլն դրամի շինարարություն: Այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 160 մլրդ 599.8 մլն դրամի շինարարություն: Այսինքն՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք շինարարության ոլորտի ապրանքների գնաճը, ապա միևնույն է՝ այս տարի ուղիղ 6 մլրդ 184.4 մլն դրամի պակաս շինարարություն է կատարվել՝ նախանցած տարվա համեմատ: Մակրոտնտեսական ամենամեծ ցուցանիշներ ունեցող մյուս ոլորտն առևտրի շրջանառությունն է: Հայտարարվում է, որ անցած տարվա համեմատ այն աճել է 7.5 տոկոսով:
Անցած տարի նախանցած տարվա համեմատ կրճատումը 11 տոկոս էր: Բերենք արձանագրված թվերը՝ առանց գնաճի տվյալների: Այս տարվա ցուցանիշը մոտ 1772 մլրդ դրամ է՝ անցած տարվա 1518 մլրդ դրամի և 2019թ․ 1697 մլրդ դրամի դիմաց: Բայց նույնը չենք կարող պնդել ծառայությունների ոլորտի նկատմամբ:
Տոկոսներով այն անցած տարվա համեմատ աճել է 4.4 կետով: Բայց սա չի «փոխհատուցում» 2019-ի նկատմամբ 2020թ․ արձանագրված 9.3 տոկոսանոց անկումը: Հենց դրամական արժեքով կարելի է համոզվել, որ այս ոլորտն էլ դեռ չի վերականգնվել: Անգամ առանց գնաճի տվյալների համադրման: Այսինքն՝ դեռ չի հասել 2019թ․ ցուցանիշներին: Ծառայությունների ոլորտը 2019թ․ հունվար-հուլիսին «գնահատվել» էր 1,086,367.2 մլն դրամ: 2020-ի ցուցանիշը 968,757.2 մլն դրամ էր: Իսկ այս տարվա առաջին յոթ ամիսներին ծառայությունների ոլորտի ծավալը կազմել է 1,025,624.7 մլն դրամ:
Այս թվերը բերվում էին առանց գնաճի կորեկցիայի, առանց փոխարժեքի տատանման արդյունք: Իսկ այս երեք տարվա ընթացքում դրամը նկատելի արժեզրկվել է: Արժեզրկվել է՝ դրամական արտահայտությամբ «նպաստելով» մեր իշխանավորների տնտեսական աճ արձանագրելու անթաքույց ձգտմանը: 2019թ․ առաջին յոթ ամիսների դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 483.07 էր, 2020-ին՝ 483.67, իսկ այս տարի՝ արդեն 517.62:
Նույնատիպ հակասական (այսինքն՝ մեկ՝ լավ, մեկ՝ վատ) ցուցանիշներ ունի նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտը (ոլորտը հաշվառվում է դոլարով, ուստի փոխարժեքի տատանումն էական ազդեցություն չունի):
Այստեղ աճ արձանագրել է արտահանման ոլորտը: Իսկ ներմուծումները նվազել են: Պատկերը կարելի է դրական գնահատել, եթե, իհարկե, չճշգրտվի, թե ինչի հաշվին է աճել արտահանումը:
Նախ՝ արտահանման բացարձակ թվերը. 2019-ին՝ 1 մլրդ 417.5 մլն դոլար, 2020-ին՝ 1 մլրդ 333.2 մլն դոլար, իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ 1 մլրդ 641.5: Այս աճը կանաչներն ու մնացած բնապահպան-կենդանասերները չտեսնելու են տալիս: Որովհետև այն արդյունաբերական արտադրանքի աճի նման՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով: 2019-ին, օրինակ, մեր երկրից արտահանվել է 263.7 մլն դոլար արժեքի պղնձի խտանյութ, 2020-ին՝ 280.9 մլն դոլարի, իսկ այս տարի՝ արդեն 421.3 մնլ դոլարի:
Վերջում ներմուծումների պաշտոնական թվերը՝ առանց մեկնաբանության:
2019թ․ առաջին յոթ ամիսներին ներմուծումների ծավալը մոտ 2,8 մլրդ դոլար էր: 2020-ին այն նվազեց՝ կազմելով մոտ 2,4 մլրդ դոլար: 2021-ին աճեց անցած տարվա համեմատ, բայց չհասավ նախանցած տարվա չափաքանակին և կազմեց մոտ 2,7 մլրդ դոլար: