Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտի մասին վարույթն իրականացնող մարմինը հայտնել էր օգոստոսի 11-ին: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝  «քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը»:

Հիշեցնենք նաև, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը: Առուշանյանը կալանավորվել էր հենց Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա: Ավետյանի նկատմամբ ևս քրեական գործի սկզբնական փուլում կիրառված էր խափանման միջոց կալանավորումը, սակայն Առուշ Առուշանյանին կալանավորելուց հետո  դատախազությունը վերացրեց Լուսինե Ավետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ՝ իր ազատության համար Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալով։

Ավելին, շրջանառվող այլ տեղեկությունների համաձայն, Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։

Տեսանյութեր

Լրահոս