Իրանում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել
Իրանի իշխանությունները երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված հնգօրյա հանգստյան օրեր են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կորոնավիրուսի տարածման դեմ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտնել է, որ տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 15-ից և շարունակվեն մինչև օգոստոսի 21-ի առավոտ: Նա հավելել է նաև, որ բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքները:
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 մլն 389 հազար 85 դեպք, մահացել է 97 հազար 208 մարդ: Պատվաստվել է 18 մլն 581 հազար 226 մարդ, որոնցից 3 մլն 813 հազար 628-ը՝ երկու դեղաչափով: