Ո՞ւմ են թողնում քաղաքական դաշտը
Ինչպես արդեն հայտնի է, այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարում կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը 2013թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում:
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը` պատասխանելով 168.am-ի հարցին` կարո՞ղ ենք սա դասել քաղաքական բոյկոտների շարքին, ասաց.
«Միանշանա´կ: Իհարկե, սա այն շարքի շարունակությունն է, որը, որպես քաղաքական ուժ, մենք ենք սկսել. առաջինը ես եմ հայտարարել ընտրությունները բոյկոտելու մասին: Հիմա սա շարունակվում է և շատ նորմալ է: Զեկույցի բնույթն ինձ թույլ տվեց եզրակացնել, որ ոչ մեկին էլ (նկատի ունի «Հանրապետություն կուսակցությանը,-Ա.Ս.) չեն սատարելու»:
Մենք նաև հետաքրքրվեցինք` նման հայտարարություններով քաղաքական հայտնի ղեկավարներն ո՞ւմ են թողնում քաղաքական դաշտը:
«Թողնում են Սերժ Սարգսյանին»,- պատասխանեց Արամ Կարապետյանը:
Մեր հարցին` ինչո՞ւ, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև հաղթելու տրամաբանությունն այսօր Հայաստանում երկու ճանապարհ ունի. մեկն այն է, որ ընտրությունները կկայանան, որին Դուք էլ չեք հավատում, ես էլ չեմ հավատում, և երկրորդը` փողոցն է, հեղափոխությունը: Այսօր երկուսն էլ դեռ հնարավոր չէ անել: Հասարակությունն է այդ վիճակում հայտնվել: Դրա համար, իմ կարծիքով, ժամանակ է պետք` դաշտը քաղաքականացնելու համար, և վստահեցնում եմ, դա մեզ կհաջողվի, բայց, ցավոք, հիմա չէ այդ ժամանակը»:
Շարունակելով Արամ Կարապետյանը նշեց` եթե նշված երկու ճանապարհները հնարավոր չեն, մնում է միայն Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելը:
«Իսկ լեգիտիմացնել նշանակում է Սերժ Սարգսյանի համար երկարաձգել կյանքը, փորձել իրավիճակին տալ այլ լուծումներ, նոր վարկեր, նոր հարկեր: Ես կատեգորիկ դեմ եմ դրան, և կարծում եմ, որ դաշտը պետք է թողնել Սերժ Սարգսյանին, ինքը և իր ստեղծած իրավիճակը»,- ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը: