«Փաստորեն պողպատյա մանդատը կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ». Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժվելու սահմանափակումների մասին

«Ինչքա՞ն պետք է փախչեն լրագրողներից»,- անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների համար այսօրվանից գործող սահմանափակումներին, հենց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորները պարտավոր են իրենց գործողությունների մասին հանրությանը տեղյակ պահել, իսկ լրագրողների նկատմամբ նման սահմանափակումներ կիրառելը հակառակն է ցույց տալիս.

«Ստացվում է, որ շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին, թե ինչով են զբաղված Ազգային ժողովում… Փաստորեն պողպատյա մանդատը կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ, և լրագրողները, որ սկսել են խանգարել իշխանություններին, անցանկալի հարցեր են տալիս, սենյակների դուռը  որ թակում են, ասում են՝ կարելի՞ է ձեզ հետ հարցազրույց անել, դա համարվում է անթույլատրելի բան…»:

Թագուհի Թովմասյանը հիշեց, որ նախկին իշխանությունների օրոք ևս սահմանափակման փորձեր են եղել, սակայն բոլոր փորձերն էլ ձախողվել են, և լրագրողներն ավանդույթի ուժով շարունակել են Ազգային ժողովում իրենց աշխատանքն ազատ իրականացնել:

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, որտեղից պատասխանել էին, որ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։

Ավելի վաղ յոթերորդ ԱԺ գումարման փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն, հայտնել էր, որ դրանք ընդհանուր առմամբ ունեն անվտանգային պատճառներ: Նա նաև վստահեցրել էր, որ օգոստոսի 2-ին լրագրողները շարունակելու են աշխատել այնպես, ինչպես նախկինում էին աշխատել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս