«Էլի կլինեն որոշումներ, որոնք միտված կլինեն ԱԺ-ի շենքն ավելի անվտանգ դարձնելու»․ Ալեն Սիմոնյանը` ԱԺ-ում անվտանգության սարքավորումներ տեղադրելու մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ անվտանգության սարքավորումներ տեղադրվելուն՝ ասաց, որ անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը, որ սա միակ որոշումը չէ․ «Էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն Ազգային ժողովի շենքն ավելի անվտանգ դարձնելուն»:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն, ըստ որի՝ պատգամավորների հետ լրագրողների շփումները նվազելու են, Սիմոնյանն ասաց, որ բոլոր փոփոխությունների մասին լրագրողները շուտով կիմանան, ապա հավելեց, որ օգոստոսի 2-ին լրագրողները կաշխատեն այնպես, ինչպես աշխատել են մինչ օրս»:

Հարցին՝ վախենո՞ւմ եք լրագրողներից, որ որոշել եք ԱԺ-ում սահմանափակել լրագրողների աշխատանքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Ես նման եմ մի մարդու, ով վախենում է լրագրողների՞ց: Պատճառներն ընդհանուր առմամբ անվտանգային պատճառներ են: Խոսքը չի գնում կոնկրետ լրագրողների մասին, կոնկրետ անձանց մասին գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է: Մենք ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ, և՛ բավականին վերջերս, և՛ անցյալում այդ նախադեպերը շատ են: Սկսած հոկտեմբերի 27-ից։ Ի դեպ, ասեմ, որ լրագրող է եղել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից և իրագործողներից մեկը, վերջացրած պատերազմով: Էլ չեմ ասում, որ վերջերս դուք ականատես եղաք և լուսաբանեցիք գնդակահարության տեսարանների Ազգային ժողովի դիմացի փողոցում, Բաղրամյան փողոցում: Եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ։ Այս ամենը, չգիտես՝ ինչու, դուք հիմա չեք հիշատակում և զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, երբ ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր․․․»։

Սիմոնյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ լրագրողներն Ազգային ժողովում ունենալու են իրենց բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում եղել են․

«Լրագրողներն ունենալու են օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, իսկ մնացածը կհրապարակվի»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նոր խորհրդարանի ձևավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձև ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։

Տեսանյութեր

Լրահոս