«Ասացին՝ որոշումը քաղաքական է, մինչև Բաքվից հրաման չունենան` հայ ուխտավորներին չեն կարող թողնեն մտնել Դադիվանք». Տեր Անդրեաս քահանա Թավադյան

Ադրբեջանական կողմը մայիսից սկսած առանց պատճառաբանությունների արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։

168.am-ի հետ զրույցում Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանն ասաց, որ վերջին անգամ հայ ուխտավորներին դեպի Դադիվանք ուղեկցել է մայիսի 2-ին. դրանից հետո թշնամին արգելել է այցելել այնտեղ։

«Արդեն երկու ամիս է՝ թշնամին տարբեր պատճառաբանություններ է բերում՝  սկզբում ասում էին, թե կորոնավիրուս է, հետևաբար՝ ուխտավորներին չեն կարող թողնել Դադիվանք, սա երկար չէին էլ բացատրում։ Հետո ասում էին, թե սողանքի հետևանքով ճանապարհը փակվել է, չեն կարող թողնել, մինչև ճանապարհը չվերանորոգեն։ Այուհետև ասացին՝ որոշումը քաղաքական է, մինչև Բաքվից հրաման չունենան` հայ ուխտավորներին չեն կարող թողնեն մտնել Դադիվանք։ Այս ամենը մեզ ռուսների միջոցով են ասել։ Մենք չենք կարող հոգևորականներ տանել, պետք է ռուսները տանեն, նրանք էլ ասում են, որ մենք բանակցում ենք, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։ Թշնամու նպատակն այն է, որ մեր այն հոգևորականները, որոնք այսօր Դադիվանքում են, աստիճանաբար դուրս գան, այնտեղ այլևս հոգևորական չմնա։ Սակայն մեր հոգևորականները սիրով այնտեղ մնում են, չորս հոգի ունենք, երկու հոգի էլ տարբեր պատճառներով այս պահին դուրս են եկել և պատրաստ են վերադառնալու, երկուսն էլ Արցախում են։ Ցանկացած պահի, երբ հնարավոր լինի, երկուսն էլ կվերադառնան Դադիվանք»,- նշեց տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Ըստ նրա, ռուս խաղաղապահները խոստացել են, որ ամեն ինչ կկարգավորեն, և հայ ուխտավորները կկարողանան կրկին մտնել Դադիվանք։ Հայկական կողմը շարունակում է հայ ուխտավորների ցուցակներ փոխանցել ռուսական կողմին, սակայն վերջին պահին զանգահարում ու ասում են, թե այս անգամ էլ չեն կարող գնալ՝ չի ստացվել։

«Մենք պայմանավորվել ենք, որ երկուշաբթի օրը գոնե մենք կարողանանք մեր հոգևորականներին տանել Դադիվանք։ Դադիվանքում գտնվող մեր հոգևորականներին սնունդ փոխանցելը խնդիր չէ, երբ ռուսները գնում են, մենք իրենց հետ ուղարկում ենք, կամ պատահում է, որ տանում ենք Գետավան, այնտեղից իրենք Դադիվանքից իջնում ու սնունդը վերցնում են»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է  Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն ամբողջությամբ պատել է գունավոր ցելոֆանով, քահանան նկատեց՝ Ադրբեջանը չի կարող ոչնչացնել սուրբ Ղազանչեցոցը։

«Ադրբեջանի ասելով՝ իրենք եկեղեցին են վերականգնում, քանի որ, երբ եկեղեցին ռմբակոծել են, մեծ անցք է բացվել, եթե այն չվերականգնվի, ապա որոշ ժամանակ անց կարող է եկեղեցու գմբեթը փլվի, եթե ժամանակին այն վերակառուցեն, ապա եկեղեցին կպահպանվի։ Չգիտեմ, ասում են, որ եկեղեցին վերակառուցում են, այդ թվում՝ նաև Կանաչ ժամը։ Բոլորն էլ գիտեն, որ այն քրիստոնեական եկեղեցի է, մենք հույս ունենք, որ խաչը նորից կտեղադրեն, բայց թե ինչ կա նրանց մտքին, մենք չենք կարող ասել։ Ամեն դեպքում աշխարհն այս ամենը տեսնում է, եկեղեցին քանդել կամ պայթեցնել չեն կարող։ Հետագայում այն թանգարա՞ն կօգտագործեն, թե՞ որպես մզկիթ՝ չեմ կարող ասել»,- շեշտեց նա։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանը նաև ընդգծեց, որ Սուրբ Ղազանչեցոցում վերջին անգամ պատարագ մատուցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ օրվանից հետո պատարագ եկեղեցում չի եղել, քանի որ մարդիկ դուրս էին գալիս Շուշիից, բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր ճակատի վրա, հոգևորականներն էլ զորքի հետ էին։

Քահանան հույս ունի, որ մի օր հայերը կվերադառնան սուրբ Ղազանչեցոց ու Շուշի՝ որպես տանտերեր։

«Այդ հույսը, ցանկությունը կա, և մտածումները դրան են տանում, որ ինչքան էլ փորձեն խեղաթյուրել պատմությունը և վերացնեն հայկական հետքը Շուշիից, մեկ է՝ այն իր կոլորիտով, պատմությամբ՝ հայկական է։ Մի օր նորից գնալու ենք Շուշի ու տեր ենք կանգնելու մեր քաղաքին, սա ուղղակի ժամանակի հարց է, ինչպես նաև մեր միասնականության, պատրաստակամության։ Այս օրը մի օր անպայման գալու է, այսպես չի մնալու»,- եզրափակեց քահանան։

Հիշեցնենք, որ թշնամին 44-օրյա պատերազմի ժամանակ երկու անգամ հարվածներ էր հասցրել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով եկեղեցին մասամբ վնասվել էր։

Տեսանյութեր

Լրահոս