Զինդատախազությունը պաշտպանում է Ջհանգիրյանին

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը չի համարում, որ զինդատախազությունը «Մատաղիսի գործով» սխալվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը համոզմունք է հայտնել, որ առնվազն «պրոֆեսիոնալ տեսակետից սխալի մասին խոսելը ճիշտ չէ»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, այս գործը 4.5 տարի քննելուց հետո, նախօրեին արդարացրել է զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին` կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

«Մի փաստի վրա կցանկանայի ուշադրություն դարձնել, որ արդարացրեց ոչ թե հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, այլ ապացույցների անբավարարության: Այսինքն՝ կան ապացույցներ, մեղադրանքի կողմը դա համարել է բավարար, իսկ դատարանը դա բավարար չի համարել: Մենք չենք խոսում այդ անձանց կողմից որևէ արարք կատարելու կամ չկատարելու մասին: Մենք խոսում ենք, որ նախաքննության մարմինը չկարողացավ պատշաճ բավարար ապացույցներ ներկայացնել տվյալ հանցանքի մեջ նրանց մեղքը ապացուցված համարելու առումով», – ասել է զինդատախազը:

«Չեմ համարում, որ մեղադրանքի կողմը սխալվել է. երբեք չի կարելի համարել ինչ-որ սխալ այն դեպքում, երբ մեղադրանքի կողմը պնդում է այլ բան, դատարանն այլ մոտեցման է հանգում: Որևէ մեկը չի կարող ասել, որ շատ ավելի օրինաչափ կլիներ, եթե մեղադրանքի կողմի և դատարանի որոշումները միշտ համընկնեին: Եթե մեղադրանքի կողմը ապացույցների համակցությունը բավարար է համարում մեղադրանքը հիմնավորված համարելու տեսակետից, իսկ դատարանը բավարար չի համարում անձանց մեղավորությունը հաստատված լինելու առումով, դա շատ օրինաչափ է. սխալի մասին այստեղ ճիշտ չի խոսելը»,- հավելել է Կոստանյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե շարունակո՞ւմ է պաշտպանել մեղադրանքը նույնիսկ արդարացման դատավճռից հետո, զինդատախազը պատասխանել է, որ այս պահի դրությամբ «բնականաբար, պնդում է», բայց դատավճիռը ստանալուց և ապացույցների վերաբերյալ դատարանի գնահատականներին ծանոթանալուց հետո ավելի հստակ դիրքորոշում կհայտնի: Կոստանյանը տեղեկացրել է, որ դատարանի վճռին ծանոթանալուց հետո կորոշեն վերադաս ատյաններում այն բողոքարկե՞ն, թե՞ ոչ:

«Արդարացման դատավճռի առկայությամբ հարցը չփակվեց: Եթե արդարացման դատավճռի արդյունքում (երբ դա մտնի օրինական ուժի մեջ) մենք նորից ձեռնամուխ լինենք նախաքննության իրականացմանը: Չի բացառվում, որ որևէ այլ նոր ապացույցներ ձեռքբերելու արդյունքում այս նույն ամբաստանյալները կրկին հայտնվեն ամբաստանյալի աթոռին: Որովհետեւ Քրեական դատավարության օրենսդրությունը հնարավոր է համարում նոր երեւան եկած հանգամանքների ուժով գործի վերսկսումը, վերանայումը: Այս իմաստով, ես չեմ կարծում, որ թեման փակված է»,- հայտարարել է Գևորգ Կոստանյանը:

Տեսանյութեր

Լրահոս