Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։
Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից մեկը։
Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Այնուհետև քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 40-ամյա կնոջը։ Շուտով պարզվեց, որ նա 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվեցին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ դեղատան տնօրենը հաբերը ձեռք էր բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից, որը նույնպես հայտնաբերվեց ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։