Բաժիններ՝

Ճամայկայի 105-ամյա բնակչուհին կիսվել է երկարակեցության «գաղտնիքներով»

Ճամայկայի բնակչուհի Այվի Ալենը նշել է ծննդյան 105-րդ տարեդարձը և պատմել երկարակեցության «գաղտնիքների» մասին, գրում է Jamaica Star-ը:

Քինգսթոնի բնակչուհին 105-րդ տարեդարձը նշել է ընտանիքի և ընկերների շրջապատում` նկարահանող խմբին հումորով կշտամբելով այն բանի համար, որ իր ծննդյան տոնին առանց նվերների են եկել:

«Ոչինչ չեն նվիրել, գոնե մի փոքրիկ բան բերեին»,-ծիծաղալով ասել է երկարակյացը:

Ալենը ծնվել է 1916-ին` բազմանդամ ընտանիքում: Այնուհետև նա էլ է մայրացել` լույս աշխարհ բերելով 11 երեխա, սակայն մինչև կնոջ 105-րդ տարեդարձը ողջ է մնացել միայն հինգը: Թոշակառուն ունի շատ թոռներ ու ծոռներ, որոնց համարում է իր կյանքի մեծագույն հարստությունը:

Առողջության մասին հարցին ի պատասխան Ալենը նշել է, որ երբեք որևէ հիվանդություն չի ունեցել, մինչդեռ իր ընկերներից շատերը մահացել են Ճամայկայում պոլիոմիելիտի բռնկման ժամանակ:

Իր երկարակեցությունը Ալենը բացատրել է այսպես.«Գուցե, այսքան երկար եմ ապրում, քանի որ մարդկանց երբեք չարություն չեմ արել: Տեսնում եմ, որ շատերը վատ են վարվում, բայց ինքս դրան ընդունակ չեմ: Ես բոլորին սիրով եմ վերաբերվում, և Աստված, ի պատասխան, սիրում է ինձ»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս