«Սա մե՛րն է, մերն էլ պե՛տք է մնա, մնալու ենք մինչև մեռնելը»․ իրավիճակը՝ Կութ գյուղում

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում խոտհարքի խնդիրը շարունակում է գյուղացիների համար չլուծված մնալ։ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գյուղացիները ստիպված դաշտերի ներքևի հատվածում են սկսել խոտը քաղել, սակայն դեպի վերև գտնվող հատված չեն կարող գնալ՝ ադրբեջանցիների նշանառության տակ կհայտնվեն։

«Ժողովրդի անհանգստությունը խոտհարքներն են, պետք է վերև բարձրանան, որ անասնակեր կուտակելու համար խոտ քաղեն, բայց մեզ ասել են՝ պետք է զորք ավելացնենք, այդ ժամանակ նոր կասենք, որ ապահով եք, կարող եք բարձրանալ խոտը քաղել․․․»,- ասաց Կութի գյուղապետը։

Գյուղապետն ասաց, որ արոտավայրերի մեծ մասը ևս ադրբեջանցիների վերահսկողության տակ է, և գյուղացիներն անասուններին արածացնելու խնդիր ունեն, գյուղի ներքևի հատվածում այդքան խոտ չկա․

«Անասուններին էլ, որ այդպես քշեցին տարան, ժողովուրդը վախենում է, անասուններին շրջափակման մեջ պահում են, հետո բերում․ շատ է դժվարացել անասուն պահելը»։

Ինչ վերաբերում է Կութում ռուս սահմանապահների տեղակայմանը, տիկին Չիտչյանն ասաց, որ ամեն րոպե սպասում են․

«Հույսով սպասում ենք, որ գան կանգնեն, միգուցե ադրբեջանցիներին էլ հետ տանեն, որ մեր բնակիչները կարողանան այստեղ կյանքը շարունակել, ապրել»։

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գյուղում 60 ընտանիք է բնակվում՝ 170 բնակիչ, և չնայած ստեղծված իրավիճակին, որևէ մեկը չի լքել գյուղը:

Արսեն Կարապետյանը Կութի առաջին բնակիչներից է, ասում է՝ գյուղում միակ խնդիրն այն է, որ թշնամին առաջացել և տեղակայվել է մեր հողում․

«Եկել նստել են մեր տարածքում, խանգարում են, անասունները գողանում են․ ժողովուրդն էլ, բնական է, վախենում են։ Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում այստեղից գնալ, մնալու ենք մինչև մեռնելը, սա մերն է, մերն էլ պետք է մնա»։

Կութի բնակիչներից Լենդրուշ Ղարիբյանը անդրադառնալով ադրբեջանցիների առաջ գալուն և գյուղից վերև՝ սարերում տեղակայվելուն, ասաց, որ բացի անվտանգային հարցերից, նաև սոցիալական խնդիրներ են առաջացել՝ անասնապահության դժվարություններով պայմանավորված․

«Անասնապահության խնդիրն է ամենադաժանը․ գյուղացի մարդիկ ենք, անասունով ենք ապրում, կաթ ենք հանձնում, որ կարողանանք լույսի փող մուծենք, գազի փող մուծենք, 2 պաչկա մակարոն, վերմիշել առնեն ուտեն, էն էլ կտրվեց վրեքներս։ Թուրքը եկել, սահմաններն իր ուզած ձևով գծել, նստել է, չգիտենք՝ դա ո՞նց եղավ իրանց սահմանը, մենք ինչ ստեղ ենք, այդ սահմանները թուրք չի եկել, թուրք չենք տեսել, այսօր թուրքն է վայելում․․․»։

Իսկ ինչպե՞ս են ապրուստի միջոց գտնելու՝ հարցրեցինք գյուղացուն.

«Գյուղացին հիմա սենց է ապրելու․ ասում է՝ ձեր անասուններն էլ մի վաճառեք, մի մորթեք, սիբիրախտ հիվանդություն է, անասունները վառեք, դուք էլ ձմեռը հետը վառվեք․․․ Ձմեռվա վառելիք էլ չունենք, էն ժամանակ գոնե Արցախից բերում էինք վառելափայտ․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս