«Զբոսաշրջության ոլորտն արթնանալու նշաններ է ցույց տալիս, բայց դեռ չի կարելի ասել, որ վերականգնվել է». Մեխակ Ապրեսյան

Երևանում շրջելիս կարելի է նկատել, որ մայրաքաղաքում զբոսնող օտարերկրացիները հաճախ ավելի շատ են, քան տեղացիները: 168.am Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից հարցրեց, թե կարելի՞ է ենթադրել, որ զբոսաշրջության ոլորտը վերականգնվում է, և ո՞ւմ համար է հետաքրքիր Հայաստանը:

«Ոլորտը վերականգնման նշաններ է ցույց տալիս, արթնանալու նշաններ է ցույց տալիս: Հայաստանը բոլորի համար էլ հետաքրքիր է, բոլորի համար էլ հետաքրքիր է եղել, պարզապես պետք է կարողանալ պատշաճ ներկայացնել և ավելի ակտիվ, արդյունավետ մարքետինգային քաղաքականություն իրականացնել, որ կարողանանք աշխարհում հնարավորինս ավելի լայն շուկաներում Հայաստանը ներկայացնել, ավելի ճանաչելի դարձնել, որովհետև ով էլ լինում է Հայաստանում, իր ստացած տպավորությունները գերազանցում են սպասելիքները»,- ասաց Ապրեսյանը:

Իսկ այս շրջանում հատկապես ո՞ր երկրներից են գալիս Հայաստան:

«Հիմա ավելի շատ՝ որտեղից որ սահմանները բաց են, որտեղից որ կարողանում են գալ, ցավոք, դեռևս մեզ համար շատ կարևոր շուկաներ՝ եվրոպական, չինական և այսպիսի այլ շուկաներ, դեռ փակ են՝ կորոնավիրուսի սահմանափակումների հետ կապված, բայց, օրինակ, Ռուսաստանից բաց է և բավականին լավ դինամիկա կա, Ծոցի երկրներից Արաբական, Իրանից շատ մեծ հետաքրքրություն կա, նաև Հնդկաստանից է սկսվել շարժ, Վրաստանից, Ուկրաինայից: Առաջին եռամսյակի տվյալներով՝ առաջին հնգյակը եղել է Ռուսաստան, Վրաստան, Իրան, Ուկրաինա, ԱՄՆ: Բայց դեռ չի կարելի ասել, որ ոլորտն արդեն վերականգնվել է, խնդիրները լուծվել են, սրանք պարզապես նշաններ են արթնանալու մասին և գործողության մղող ցուցանիշներ են, որ պետք է պարզապես աշխատել ավելի ակտիվ, միասնաբար, իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի արդեն արթնանալու, շարժի կայունությունն ապահովենք և իրականում արդեն կարողանանք վերականգնել ոլորտը»,- ասաց Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ երկիրը ճանաչելի դարձնելն առաջին հերթին պետության գործառույթն է, սակայն կարևոր է նաև մասնավորի հետ համագործակցությունը:

«Երկիրը համաշխարհային շուկային ներկայացնելը առաջին հերթին պետական գործառույթ է, բայց տեղին է, երբ համագործակցում են մասնավորի հետ, մասնավորը ևս շատ նախաձեռնություններ ունի, չի նայում, չի սպասում, որ պետությունը անի, մասնավորն իր կողմից ինչ հնարավոր է՝ անում է, հատկապես որ, շատ սուղ միջոցներ են տրամադրվում պետության կողմից, բյուջեից՝ երկիրը ներկայացելու գործընթացներին: Շատ ծրագրեր լինում են նաև համագործակցությամբ»,- ասաց Ապրեսյանը:

Հայաստան գալիս են հիմնականում մեր հարևան երկրներից, իսկ ո՞ւր են նախընտրում գնալ մեր համաքաղաքացիները:

«Եթե արտագնա տուրիզմ, ապա մեր քաղաքացիները, որպես կանոն, միշտ նախընտրում են ծովային հանգիստ, որովհետև մենք չունենք ծով, ունենք հրաշալի Սևան, բայց Սևանը ծով չէ: Մերոնք նախընտրում են մեկնել ծովային հանգիստ առաջարկող երկրներ»,- ասաց Ապրեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս