Կռապաշտապետության դեմ պայքարելու ժամանակը
Հայ ազգային կոնգրեսում այսօր տեղի ունեցող խմորումները, անգամ հանրությունից չթաքցվող ներքին հակասությունները 2011 թվականի նոյեմբերին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հռչակված «քաղաքագիտական վերլուծության» հետևանքն են, որոնք ի վերջո հանգեցնելու են այդ ուժի վախճանին: Կարևոր չէ` վախճանը կլինի ֆիզիկապե՞ս, այսինքն` ՀԱԿ-ը նոմինալ առումով կշարունակի գործել, թե՞ կվերանա նաև ֆորմալ իմաստով: Կարևորն այն է, որ ՀԱԿ-ի կազմաքանդումը սկսվել է վաղուց և հնարավոր է դարձել այն պատճառով, որ ՀԱԿ բազմաթիվ ղեկավար անդամներ, այդ ուժի ճակատագրով իրապես մտահոգ անդամներ, եթե ոչ՝ անձնապես, ապա անուղղակիորեն դավաճանել են այդ ուժի որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին:
Երբ անցած տարի Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց «քաղաքագիտական վերլուծությունը», ՀԱԿ-ի բազմաթիվ անդամներ, ինչպես, օրինակ, Պետրոս Մակեյանը, Նիկոլ Փաշինյանը, Սոս Գիմիշյանը և մի շարք այլ գործիչներ, հրապարակավ՝ ավելի քիչ, ոչ հրապարակավ` ավելի շատ, դեմ էին արտահայտվում «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու ու այդ ճանապարհով նրան «ավազակապետությունից պոկելու» տերպետրոսյանական մարտավարությանը: Բայց գրեթե բոլորը` դեմ արտահայտվելով հանդերձ, միշտ նշում էին, որ եթե Տեր-Պետրոսյանի հաշվարկներն արդարացվեն, և, ի վերջո, ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ հնարավոր լինի հասնել իշխանափոխության, ապա իրենք կընդունեն, որ սխալվել են: Այս մոտեցման հիմքում ընկած էր ոչ թե կամ ոչ այնքան սկզբունքը, այլ քաղաքական հաշվարկը: Այսինքն՝ «քաղաքագիտական վերլուծությանը» դեմ արտահայտվող գործիչները կարող էին ընդունել այդ մարտավարությունը, եթե վստահ լինեին, որ դա կարող է հաջողություն ապահովել:
Խոսքը մի ուժի հետ համագործակցության մասին է, որին ՀԱԿ-ը մեղադրում էր ոչ միայն Մարտի 1-ի սպանություններին մասնակից լինելու, ոչ միայն քրեաօլիգարխիկ համակարգին մաս կազմելու, այլ նաև ընտրակաշառքներ բաժանելու, ընտրակեղծիքներ իրականացնելու, ընտրողներին կաշառելու մեջ: ՀԱԿ-ը պատրաստ էր (է) համագործակցել մի ուժի հետ, որն իշխանության` ՀՀԿ-ի հետ գրեթե հավասարապես նպաստել է Հայաստանում ընտրակեղծարարության համակարգի արմատավորմանը, որը փողը դարձրել է քաղաքական գործընթացներում դոմինանտ գործոն: Այսինքն` ՀԱԿ ներկայացուցիչները ցանկանում էին օրինակարգ իշխանություն հաստատել` պայքարելով հակաօրինակարգ, ապաքաղաքական ուժի դեմ:
«Անգամ սատանայի հետ՝ հանուն իշխանափոխության» հասնելու սկզբունքը դարձել էր ՀԱԿ-ի գործունեության ուղենիշը, և բոլոր նրանք, ովքեր դեմ էին ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, առնվազն իրենց ուժերի ներածին չափով չէին ընդդիմանում, չէին ահազանգում, որ անթույլատրելի է նպատակներին հասնելու համար միջոցների
միջև խտրություն չդնելու գործելակերպը: Ամիսներ շարունակ նրանք չէին գրում, ելույթներ չէին ունենում այն մասին, որ 2008 թվականին էլ Մարտի 1 տեղի ունեցավ, 10 մարդ սպանվեց, որովհետև իշխանությունը ևս իր նպատակին` վերարտադրությանը հասնելու համար միջոցների միջև խտրություն չդրեց և քաղաքացիների վրա կրակելու հրաման արձակեց: «Բարգավաճ Հայաստանին» «հայաստանածին» հռչակելով ու Հայաստանում օրինակարգության հաստատումը այդ ուժի հետ համագործակցությամբ պայմանավորելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե «կրակելու»` սկզբունքների, արժեքների ուղղությամբ «կրակելու» հրաման արձակեց:
Սակայն ՀԱԿ-ում որևէ մեկը համարձակություն չունեցավ «ձգանը քաշողին» հետ պահել, ինչպես գուցե չէին համարձակվում 2008 թվականին իշխանության մեջ գտնվող բազմաթիվ մարդիկ, ովքեր դեմ էին մարդկային զոհերի հաշվին քաղաքական նպատակներին հասնելուն:
Այն, ինչ այսօր կատարվում է ՀԱԿ-ում, կրկնում ենք, տևական գործընթացների արդյունք է: Մինչ ՀԱԿ-ի` «ոչ բարգավաճական» գործիչներն իրենց լռությամբ էին ընդդիմանում այդ գործընթացին, շատ-շատերն ահազանգում էին, որ, ի վերջո, տեղի է ունենալու այն, ինչ կատարվում է այսօր: Բայց ամենացավալին այն է, որ բոլոր նման մտահոգությունների հեղինակներին` լրագրողներին, փորձագետներին, ուղղակի քաղաքականությամբ հետաքրքրվող մարդկանց ՀԱԿ-ի այդ «այլախոհների» մեծ մասը համարում էր «դավաճան», «իշխանությանը ծախված»:
Եթե անգամ այդ գործիչներն անձամբ նման որակումներ չէին հնչեցնում, առնվազն չէին ընդդիմանում, երբ ՀԱԿ-ի իրենց գործընկերները զբաղված էին մարդկանց անվանարկելով: Մինչդեռ բոլոր «ծախվածները», «դավաճանները», «ռեժիմի սպասարկուները» հնչեցնում էին նույն այն մտահոգությունները, որոնց պատճառով հիմա իրենք են արձանագրում ՀԱԿ-ի ֆիասկոն:
Այս`իսկապես ցավալի իրողությունների արձանագրումն ամենևին չարախնդալու նպատակ չի հետապնդում: ՀԱԿ-ում կան բազմաթիվ հարգարժան մարդիկ, ովքեր ժամանակին չեն կարողացել հաղթահարել կռապաշտության տաբուն և Լևոն Տեր-Պետրոսյանի անսխալականությանը տուրք են տվել` ի հաշիվ իրենց սկզբունքների ու արժեքների: Այսօր այդ մարդիկ` դեռևս ՀԱԿ-ում մնացած, բայց իրավիճակն առողջ գնահատող գործիչները որոշակի պարտավորություն ունեն եթե ոչ՝ Հայ ազգային կոնգրեսի, ապա՝ համաժողովրդական շարժման համակիրների, նվիրյալների, տասնյակ-հազարավոր քաղաքացիների առջև:
Նրանք կա՛մ պետք է հրապարակավ տեր կանգնեն համաժողովրդական շարժման սկզբունքներին ու նպատակներին, կա՛մ տարրալուծվեն ՀԱԿ-ի այն զանգվածի մեջ, որոնք մտածում են` հետևելով բացառապես Կոնգրեսի գրասենյակի հաղորդագրություններին ու ՀԱԿ-ի անունից Տեր-Պետրոսյանի կողմից խոսելու լիազորություն ստացած երիտընդդիմադիրների ցուցումներին: