Բայդեն-Պուտին գագաթաժողովի Ղարաբաղյան արդյունքը

Հունիսի 16-ին Ժնևում կայացավ Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը Ժնևում: Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն առանձին ասուլիսների միջոցով պարզաբանեցին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բայդեն-Պուտին բանակցությունների արդյունքներից գլխավորը՝ դեսպանների՝ Վաշինգտոն ու Մոսկվա վերադառնալու պայմանավորվածությունն էր, ինչպես նաև բոլոր ուղղություններով Պետդեպի և ՌԴ ԱԳՆ-ի հովանու ներքո բանակցությունները շարունակելու պայմանավորվածության ձեռքբերումը: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը գագաթաժողովից առաջ հայտարարել էր, որ քննարկվելու է նաև Ղարաբաղյան հակամարտության թեման: Բանակցային սեղանին տարածաշրջանային խնդիրների շարքում նաև ղարաբաղյան խնդիրն է, որից բանակցություններին հաջորդած ասուլիսներում նախագահները չխոսեցին:

Թե՛ Պուտինը, թե՛ Բայդենը բանակցությունները համարեցին կարևոր, սակայն զուսպ գտնվեցին և որևէ որակում չտվեցին՝ նշելով, թե բանակցությունների արդյունքները կարելի է դատել մի որոշ ժամանակ անց:

Ըստ Պուտինի, հանդիպումը չի անցել թշնամական մթնոլորտում, ավելին, Բայդենի հետ հնարավոր է եղել խոսել մի քանի ժամ անընդմեջ, որը ոչ բոլոր ղեկավարների հետ է հնարավոր, ինչը նաև կարևոր հանգամանք է: Սակայն թե՛ Պուտինը, թե՛ Բայդենը նշեցին, որ հանդիպումը նաև անցել է սկզբունքային մթնոլորտում, կողմերը պահել են իրենց սկզբունքային մոտեցումները բոլոր ուղղություններում:

Հեղինակավոր ռուս վերլուծաբան Լիլիա Շևցովան, անդրադառնալով բանակցություններին, իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս բանակցություններով կողմերը փորձել են վերացնել լարվածությունը, պահպանելով դիրքորոշումներն այն հարցերում, որոնք չեզոքացնել հնարավոր չէ:

Ըստ նրա, ռուս-ամերիկյան հարաբերությունների փոխադարձ թշնամական վերաբերմունքը թակարդ է, որից դուրս գալ չի հաջողվում: «ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են գլոբալ կայունությունը պահպանելու, ինչպես նաև սեփական արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար: Ռուսաստանի համար Միացյալ Նահանգները շատ ավելին է նշանակում ՝ դառնալով ներհամակարգային գործոն: Այս հարաբերությունը գերտերության կարգավիճակի հաստատումն է, որը մնում է ռուսական համակարգի ողնաշարը: Ամերիկան ​​ խաղում է «Թշնամու» դերը, երբ Կրեմլին հասարակության մոբիլիզացիայի միջոց է պետք: Որքան թույլ է ընտրությունների միջոցով իշխանության լեգիտիմությունը, այնքան անհրաժեշտ է «թշնամին»»,- կարծիք է հայտնել Շևցովան, շարունակելով, որ կողմերը տեսել են հարաբերությունների «անդունդը» և փորձել խուսափել դրանից: Թեև, նրա խոսքով, հստակ ռազմավարություն կողմերը չունեն միմյանց հանդեպ:

«Վաշինգտոնը ստիպված է ժողովրդավարության համար պայքարը և Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտությունը համատեղելու միջոց գտնել: Ամեն անգամ ստիպված է ընտրել, թե որն է ավելի կարևոր՝ Ուկրաինա, Նավալնի և ազատությո՞ւն, թե՞ հրթիռներ, Սիրիա, Իրան, Աֆղանստան: Մինչ այժմ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի կարողացել լուծել այս խնդիրը»,- նշել է Շևցովան: Նրա խոսքով, Վաշինգտոնը պետք է հաճոյանա Պուտինին նախքան Արևմուտքի հիմնական մարտահրավերի ՝ Չինաստանի վրա կենտրոնանալը: «Ռուսաստանի համար մարտահրավեր է առաջանում. Ինչպե՞ս երկու հսկաների միջև առճակատման իրավիճակում չդառնալ որևէ մեկի ձեռքի գործիքը: Կրակի շարքում լինելը վտանգավոր է: Բայց Ռուսաստանի համար էլ ավելի վտանգավոր է գտնվել չինական ճամբարում: Բայդենը կփորձի Ռուսաստանը և Չինաստանը Արևմուտքի էրոզիայի գործոնից վերածել դրա համախմբման գործոնի: Զավեշտն այն է, որ Փարիզը և Բեռլինը գերադասում են հիմնական մարտահրավերը տեսնել Ռուսաստանին, այլ ոչ Չինաստանին»,- վերլուծել է փորձագետը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ Բայդենին չհաջողվեց «կառուցել» Եվրոպան, և Կրեմլը մանևրի դաշտ կունենա:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումն աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություն էր, որը, անկախ բեկումնային արդյունքների բացակայությանը, կարևոր էր, քանի որ սահմանափակ, սակայն արդյունքներ կան:

Ըստ նրա, գլխավոր արդյունքը համագործակցելու պատրաստակամության ֆիքսումն է, որի մեկնարկը տրվեց դեսպանների աշխատանքի վերսկսմամբ:

«Իհարկե, նշվեց, որ ժամկետները դեռ հայտնի չեն, բայց սա առաջընթաց էր, մնացած հարցերը կքննարկվեն կանոնավոր ռեժիմում, ինչպես նշվեց: Անդրադարձ կատարվեց Դոնբասի խնդրին, Նավալնիի հարցին: Ղարաբաղյան թեման, եթե նշվել էր նախապես, ուրեմն քննարկվել է, սակայն դրա բացակայությունն ասուլիսից նշանակում է, որ, ի վերջո, սա փոքր թեմա է ռուս-ամերիկյան հարաբերություններում, բայց ոչ անկարևոր, քանի որ այդ մասին խոսվել է այս ընդլայնված բանակցությունների ընթացքում:

Ի վերջո, սա հակամարտություն է, որը գտնվում է այս լարված ռեգիոնում՝ հետսովետական տարածքում, այլ հակամարտությունների կողքին: Այս հարցի չբարձրաձայնումը նաև նշանակում է, որ այս հարցում նոր որոշումներ չեն կայացվում, պարզապես ընթանում են քննարկումներ: Իմ համոզմունքն այն է, որ քննարկումներն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ տրամաբանությունը վերականգնելու համար»,- ասաց վերլուծաբանը: Նա հիշեցրեց, որ Պետքարտուղար Բլինքենի վերջին հայտարարությունում հատուկ շեշտված էր կրկին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում աշխատելու անհրաժեշտության մասին:

«Ամրագրում ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ առանձին աշխատել այս գոտում, բայց նաև պատրաստ չէ զիջել այն դիրքերը, որոնք ուներ՝ պետք է մասնակցի հակամարտության գոտու բոլոր գործընթացներին, չմերժելով ՌԴ դերն ու ազդեցությունն այս տարածաշրջանում: Այստեղ հակասությունները մեծ չեն, սակայն սա ԵԱՀԿ ՄԽ օգտին քննարկում է եղել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ հարավկովկասյան տարածաշրջանի համար Բայդեն-Պուտին գագաթաժողովը կարևոր էր նրանով, որ կողմերը ցույց տվեցին՝ չեն ցանկանում հավելյալ լարում:

«Թեև ԱՄՆ նախագահը կոշտ հայտարարություններ էր արել ՌԴ իշխանությունների հասցեին, միևնույն ժամանակ անձամբ նախաձեռնեց այս հանդիպումը՝ ցույց տալով, որ ճկուն է ու ցանկանում է երկխոսել: Բնականաբար, կան մի շարք ծանր թեմաներ, ասուլիսների ընթացքում դրանք նշվեցին: Ղարաբաղի հետ կապված ԱՄՆ-ի համար կարևոր է եղել հասկացնել, որ չեն կարող ԱՄՆ-ին հաշվից դուրս թողնել, և պետք է ստեղծեն համապատասխան միջավայր, որպեսզի ԱՄՆ-ը միանա աշխատանքին: Կարծում եմ՝ Ռուսաստանի համար դա էական հարց չէ, քանի որ կան այնպիսի բարդ թեմաներ, որ Ղարաբաղում սկզբունքայնությունը կարող է սրել այլ հարցերում կողմերի առճակատումը: Շատ համեստ էին արդյունքները, բայց բավարար՝ առաջին հանդիպման համար նման լարված մթնոլորտում: Ձեռքբերումն այն էր, որ կողմերը չեն սրելու հարաբերությունները ընդհանուր առմամբ»,- ասաց վերլուծաբանը:

 

Տեսանյութեր

Լրահոս