«Մեր ներքին տրոյական ձին, մեր պետության դարպասները ներսից բացել է. այդ կապիտուլյացիան ունի անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան». Էդուարդ Շարմազանով

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս քարոզարշավը սովորական ու հերթական քարոզարշավ չէ, քանի որ Հայաստանի նորագույն պատմության մեջ հայ ժողովուրդը մի կողմից՝ պետք է ընտրություն կատարի անկախության, ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից՝ անպատվության, Հայաստանը թուրքական վիլայեթ դառնալու միջև։

«Սա շատ հստակ ընտրություն է, գուցե մեզանից շատերը չեն գիտակցում, որ այս ընտրությունը ճակատագրական է, հունիսի 20-ը ճակատագրական է լինելու ձեզանից ու մեզանից յուրաքանչյուրի համար, որովհետև այդ օրը մենք պետք է ապացուցենք, որ մենք չենք հանդուրժում մեր հայրենիքում Ալիևի և Էրդողանի կամակատարին, չենք հանդուրժում կապիտուլյացիան։ Արդեն ամոթ է, որ կապիտուլյացիայից 7 ամիս անց այս կապիտուլյանտը և հողատուն դեռևս մասնակցում է քարոզարշավին ու միտինգներ հրավիրում։ 30 տարվա մեջ առաջին անգամ մենք իրականացնում ենք քարոզչություն օկուպացված Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 75 տոկոսի օկուպացիայի պարագայում»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, այս ընտրությունները լոկ քաղաքական գործընթաց չեն, այլ նոր Ավարայր։

Միաժամանակ նա ընդգծեց, որ միշտ դեմ է եղել բաժանարար գծերին, սակայն, ինչպես Նժդեհն էր ասում՝ թուրքից ավելի վտանգավոր է ներքին թուրքը։

«Մեր ներքին տրոյական ձին, մեր պետության դարպասները ներսից բացել է, այդպես եղել է Արտաշեսյանների ժամանակ, երբ Էրատոն հրաժարվեց գահից,  պատահական  չէ անունը վերցրել, այդպես է եղել Արշակունիների ժամանակ, այդպես եղավ 1045 թվականին, երբ Անիի բանալիները ներքին թշնամին տվեց հակառակորդներին, այդպես եղավ 1920 թվականին, և 100 տարի անց նույնը կրկնվեց, մեր հայրենիքի դարպասները ներսից բացեցին։ Այդ կապիտուլյացիան, պարտությունն օդի՞ց է ընկել, այդ կապիտուլյացիան ունի անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան»,- հավելեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս