«Ինքս այս պահին քարոզարշավի մեջ եմ, չեմ էլ հետաքրքրվում, թե ով ինչ է անում». Գորիսի համայնքապետ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին այցելելու է Սյունիքի մարզ։ Լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետը բոլորին հրահանգել է ներկա գտնվել քարոզարշավին։
Նա այսօր նաև կոչ է արել ՀՀ քաղաքներին և մարզերին միանալ իրենց՝ ասելով, թե հազարավոր մեքենաներով մեկնելու են Սյունիք։
168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ առհասարակ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ կապված որևէ հարցի պատասխանել։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի հրահանգներին, Գորիսի համայնքապետն ասաց, որ որևէ տեղեկություն չունի։
«Ինքս այս պահին քարոզարշավի մեջ եմ, չեմ էլ հետաքրքրվում, թե ով ինչ է անում»,- նշեց Առուշ Առուշանյանը։
Հարցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը նախորդ այցը, մտավախություններ չունի՞, որ քարոզարշավի ժամանակ իշխանությունները կդիմեն սադրանքների, Ա. Առուշանյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ, տեղեկություններ չունեմ, թե ինչ կանեն, ես ինչո՞ւ պետք է մտավախություններ ունենամ։ Չգիտեմ, այդ ամենը Նիկոլից հեռու չէ, բայց որևէ տեղեկություն չունեմ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Սյունիքում եղել էր ապրիլին, որի ժամանակ արժանացել էր սյունեցիների քննադատությանը և դժգոհություններին։