Պարտադի՞ր ա` ամեն ուժի հանդիպման մեջ գնաք, խցկվեք, այ քեզ բան, սա ի՞նչ ձև է. Մարուքյան
«Պարտադի՞ր ա՝ ամեն ուժի հանդիպման մեջ գնաք, խցկվեք, ասեք՝ մենք էսինչին ենք ընտրում: Լավ եք անում՝ գնացեք, ընտրեք, այ քեզ բան: Սա էլ ա ատելության քարոզի, չարության արդյունք: Այ քեզ բան, սա ի՞նչ ձև է: Տարբեր համայնքներում է եղել, մեկ էլ մոտենում է, թե պետք է ընտրեն այսինչին: Եղբայր, դու ընտրում ես՝ գնա ընտրի: Մեկ ուրիշը այլ մարդու է ընտրում, թող ընտրի»,- Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենք եկել են համերաշխության օրակարգով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբի պետ Տարոն Սիմոնյանն էլ կարևորեց չկրկնել այն սխալները, որոնք կատարվել են հազարավոր տարիների ընթացքում:
«Եթե ավելի խելացի լինեինք, կազմակերպված և համակարգված իրականացնեինք մեր ազգային առաքելությունը և աշխատանքը, 100 տարի առաջ ստիպված չէինք լինի Արևմտյան Հայաստանից գաղթել Արևելյան Հայաստան: Բայազետից գալ ու այստեղ հիմնել Նոր Բայազետը, որը հետագայում դարձավ Գավառը: Եթե 30 տարվա մեր պետականության պատմությունը ճիշտ կազմակերպեինք, այս վերջին երեք տարին էլ ուղեղներս լավ աշխատեցնեինք, ստիպված չէինք լինի Հադրութից ու Շուշիից նորից գաղթել Հայաստանի այս փոքր հատված: Հիմա ինչքա՞ն պետք է այդ նույն սխալները մենք կրկնենք, դասագրքերում էլ գրենք, տխուր երգերում՝ ևս, ու երեխաներին սովորեցնենք այդ տխուր երգերը, թե ինչքան դժվար ճանապարհ ենք անցել: Կարո՞ղ ենք ավելի համարձակ, մարտական և խնդիր լուծող երգեր սովորեցնել մեր երեխաներին: Հաղթանակները լինում են միասնականության շնորհիվ»,- նշեց Տարոն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայաստանում չպետք է թշնամի ունենանք:
Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Մեծ վտանգ կա, որ եթե հունիսի 21-ին չվերականգնվի ներքաղաքական կայունությունը, խաղաղությունը, միասնականությունը, մեծ արտագաղթ է լինելու: Հազարավոր մարդիկ սպասում են, որ եթե բան չփոխվի կամ բան փոխվի դեպի վատը, այսինքն, հիմա էլ դեպի անցյալ գնանք, արտագաղթելու են: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է մնալ երկրում»:
Ելույթից հետո Էդմոն Մարուքյանը խոսեց քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով. «Հետաքրքիր է, հեռուստացույցով նայո՞ւմ եք գովազդային հոլովակները»: Հավաքվածները դրական պատասխան տվեցին: