«Մինչև ընտրությունները հարցնեիք՝ լա՞վ ենք». քաղաքացին՝ Գևորգ Գորգիսյանին
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ Շենգավիթ վարչական շրջանում են: Նրանք քաղաքացիներին ծանոթացնում են իրենց նախընտրական ծրագրին: ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանն ասաց, որ պետք է մեկ գաղափարի շուրջ համախմբել բոլոր խելացի մարդկանց, քանի որ քաղաքական մեկ ուժ չի կարող լուծել բոլոր խնդիրները:
««Լուսավոր Հայաստանը» մերժել և մերժում է «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքը: Դրա համար մենք պատրաստ ենք համախմբել բոլոր կարող մարդկանց, պրոֆեսիոնալներին, նստեցնել մեկ սեղանի շուրջ և բոլորի գիտելիքները ծառայեցնել ՀՀ զարգացման համար»,- ասաց Գորգիսյանը:
ԼՀԿ պատգամավորի թեկնածուն գետնանցումում բուկլետներ բաժանելու ժամանակ առևտուր անող քաղաքացիներից մեկից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է.
– Լա՞վ եք,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:
– Լավ ենք, մինչև ընտրությունները հարցնեիք՝ լա՞վ ենք,- պատասխանեց առևտուր անող կինը:
Գորգիսյանը վստահեցրեց, որ մինչև ընտրություններն էլ են հետաքրքրվել: