«Պետությունը խաղալիք չէ, պետական կառավարման համակարգ կառավարելն ամեն մարդու բան չէ». Գարեգին Մելքոնյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱԼԻՔ ՉԷ, ԵՐԿԻՐ ԿԱՌԱՎԱՐԵԼԸ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆԸ ՉԷ.
Հայաստանում անվտանգ, ապահով և բարեկեցիկ ապրելը պետք է երաշխավորի (ապահովի) Հայաստան պետությունը, ավելի կոնկրետ` Հայաստանի պետական կառավարման համակարգը:
Պետական կառավարման համակարգը կարելի է նմանեցնել մեքենայի կամ մեխանիզմի, որի լավ աշխատելուց է կախված, թե լավ կապրեն այդ պետության բնակիչները, թե` ոչ:
Ժողովուրդն ընտրում է որոշակի գաղափարախոսության և ծրագրի շուրջ հավաքված մարդկանց, թիմերի, որոնք պետք է կառավարեն այդ մեքենան` պետական կառավարման համակարգը:
Ծրագիրը պետք է նպատակ ունենա ստեղծելու, կառուցելու, զարգացնելու, բարելավվելու, այլ կերպ ասած լինի դրականին ուղղված, հիմնված “ՀԱՆՈՒՆԻ” վրա: Իսկ թիմը պետք է ցանկություն և ունակություն ունենա իրականացնելու այդ ծրագիրը:
Գնահատեք վերջին երեք տարիները: Հայաստանում իրականացվել է արդյոք ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ, իրականացվել է արդյոք ՀԱՆՈՒՆ ավելի լավ Հայաստանի կառուցմանն ուղղված ծրագիր թե` ոչ:
Աշխատել է արդյոք պետական կառավարման համակարգը արդյունավետ, որպեսզի ապահովի Հայաստանում զարգացում:
Վիճակի շատ կարճ պատկերը հետևյալն է`
Արտաքին հարաբերություններ, դիվանագիտություն – արդյունքում ձախողված պատկեր և որպես հետևանք` պատերազմ:
Կորոնավիրուս և ճգնաժամի կառավարում – արդյունքում մեծ թվով մահեր, ամենավատ ցուցանիշները տարածաշրջանում:
Տնտեսություն և պետական բյուջե – արդյունքում տնտեսական անկում, պետական պարտքի աննախադեպ աճ:
Եվ վերջապես Արցախ – արդյունքում պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, տարածքների կորուստ, խայտառակ պատմական պարտություն և խայտառակ փաստաթղթի ստորագրում:
Հայաստանի անվտանգություն, սահմանների անձեռնմխելություն – արդյունքում Սյունիքում և Հայաստանի այլ մարզերում խիստ պրոբլեմատիկ իրավիճակ:
Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել:
Հատուկ են այս ծրագիրն իրականացնում, թե` ուրիշ բան չեն կարողանում` մտածեք ինքներդ:
Մի բան կարելի ֆիքսել` այսքան պատահական չեն սխալվում:
Ուրիշներին մեղադրելով, ամեն ինչում ինչ որ մեկին մեղավոր կարգելով և անընդհատ նրանց հետ կռվելով երկիր չեն զարգացնում: Այդպես երկիրը զարգանալ չի կարող:
Պետությունը խաղալիք չէ, պետական կառավարման համակարգը կառավարելը ամեն մարդու բանը չէ:
Անվիճելի է – այս վիճակը և պարտությունների և անկումների ընթացքը ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ, իսկ դրա համար երկրի կառավարումը պետք է անցնի այդ կառավարումից հասկացող, փորձառու, զարգացման ծրագիր ունեցող ուժերին, մարդկանց որոնք չեն հարձակվի եկեղեցու վրա, մարդկանց, որոնք ցանկանում են որ հայկական հողում հայկականը հնչի, ոչ թե ուրիշին հրավիրում և բերում են մուղամ լսելու…
Ընտրությունը` շուտով, կազմակերպված և լավ կառավարվող հայկական պետություն, թե…»: