Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ են ստեղծել ֆինանսական համակարգի համար․ ԿԲ նախագահ
«2020 թվականին ֆինանսական համակարգը գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում։ Եթե դուք միջավայրը մտաբերեք, կհիշեք, որ չափազանց ծանր տարի էր՝ ինչպես բոլորիս համար, այնպես էլ ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ ֆինանսական համակարգի՝ ուզում եմ փաստել, որ համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը»,- 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»
ներկայացնելիս նշեց Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահը հավելեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները՝ գրեթե ներկայացվող տարվա սկզբից․ «Հիշում եք, որ մարտ ամսին արդեն լոքդաունի ռեժմի մեջ էինք, և բացի դա էլ՝ սեպտեմբերին պատերազմական իրադրությունը, որ ստեղծվեց, ևս չափազանց բարդ իրավիճակի էր հանգեցրել տնտեսությունը, որի հետևանքով 2020 թվականի ընթացքում գրանցվել է -7.4 տոկոս տնտեսական անկում։ Սա վերանայվել էր․ ըստ ԱՎԾ-ի՝ նախնական գնահատականը 7.6 տոկոս էր։ Հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների՝ 9.2 տոկոս և շինարարության ճյուղի՝ 6.6 տոկոս անկմամբ»։
Մարտին Գալստյանն արձանագրեց, որ դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ են ստեղծել ֆինանսական համակարգի համար, իսկ ԿԲ-ն իրականացրել է Սահմանադրությամբ ամրագրված գործառույթները՝ նպատակ հետապնդելով ֆինանսական միջնորդության, կայունության ապահովումը, որն իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով։ Այդ անընդհատությունն ապահովելու տեսանկյունից՝ ըստ ԿԲ նախագահի՝ անդրադարձել են երկու խումբ հարցերի վարկային ռիսկի աճին և իրացվելիության ճնշումներին․ «Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք՝ օժանդակելու համակարգին, երկրորդ խումբ խնդիրները լուծելու համար՝ մենք որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»։
Վարկերի մասին՝ նա նկատեց, որ ըստ հաշվետվության, սպառողական վարկերում վատորակ վարկերի կշիռը զգալիորեն աճել է, բիզնես վարկերի, գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել, հիպոթեքային վարկերի դեպքում՝ մարդիկ շարունակել են նույն բարեխղճությամբ վճարել իրենց վարկերը, որի արդյունքում այս տարվա ապրիլի վերջի տվյալներով՝ վատորակ ակտիվների տեսակարար կշիռը 7 տոկոսի շրջանակներում է ընդհանուր վարկերի մեջ։
«Ինչ վերաբերում է վարկային միջնորդությանը, եկամուտներին և ծախսերին, ապա պետք է արձանագրել, որ մեր վարկերից ստացված զուտ կորուստներ/ակտիվներ հարաբերակցությունն աճել է, իսկ զուտ տոկոսային եկամուտները գրեթե մնացել են անփոփոխ, ինչը վկայում է, որ բանկերի աշխատած եկամուտը, ըստ էության, ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր»,- հավելեց ԿԲ նախագահը։
Անդրադառնալով ավանդներին՝ Մ․ Գալստյանը տեղեկացրեց․ «2020 թվականի սեպտեմբերից սկսած՝ մենք ունենք ավանդների նվազում, ու ավանդների վերականգնումը սկսվել է այս տարվա սկզբից։ Ավանդները հիմնականում նվազել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչին նպաստել են համավարակի և ռազմական դրության հետ կապված տնտեսական անորոշությունները։ Բայց ուզում եմ փաստել, որ մայիսի դրությամբ ավանդների մակարդակը գրեթե վերականգնվել է, ու եկել ենք մինչպատերազմական իրավիճակի մակարդակին»։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը Ֆինանսական կայունության վերաբերյալ վերլուծությունների արդյունքներն ամփոփ ներկայացնում է ֆինանսական կայունության հաշվետվությունում: Ֆինանսական կայունության հաշվետվությունը հրապարկվում է 2007-ից սկսած՝ տարեկան, իսկ 2010-ից՝ նաև կիսամյակային պարբերականությամբ:
Ֆինանսական կայունության հաշվետվության հիմնական նպատակն է կարճաժամկետ հեռանկարում իրական և ֆինանսական հատվածներում նախկին և սպասվող զարգացումների համատեքստում երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի նկարագրումը: Հաշվետվությունում ներկայացվում է որոշակի ժամանակահատվածի համար ֆինանսական կայունության վերաբերյալ Կենտրոնական բանկի գնահատականը, առկա ռիսկերը և դրանց կանխարգելմանը կամ չեզոքացմանն ուղղված միջոցառումները: