«Այս Կառավարությունը մոնոպոլիաները չի ջարդել. տնտեսությունը մոնոպոլիզացված է». Վարուժան Հոկտանյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հունիսի 1-ից Կառավարությունը սկսել է ներկայացնել 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը. ըստ այդմ՝ 2020 թ. Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 63 տոկոս, բյուջեի պակասորդը՝ 334 միլիարդ դրամ է, ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերը կազմել են 124 միլիարդ դրամ, արտաքին  պարտքը՝ 7 միլիարդ 968 միլիոն դոլար, պետական համակարգում տրվել է 21 միլիարդ դրամի պարգևավճար։

2020 թվականի պետական բյուջեով  նախատեսված 67 միլիարդ դրամի 109 ծրագիր չի կատարվել, դրանից զատ, գործադիրն ընդունել է 1.5 միլիարդ դրամի հավելյալ ծրագրեր, որոնք ևս չեն կատարվել, քանի որ ընդունված միջոցառումների համար գումարը չի վճարվել։

Ինչ վերաբերում է Կառավարության  իրականացրած գնումներին, ապա, ըստ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացության, 2020 թվականին 2019 թվականի համեմատ՝ 4.4 տոկոսով աճել  է  մեկ անձից գնումների ծավալը՝ հասնելով  40 տոկոսի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն  Վարուժան Հոկտանյանը տարօրինակ համարեց Հաշվեքննիչ պալատի արձանագրումը մեկ անձից արված գնումների ծավալի վերաբերյալ։

«Այդ թիվը պետք է էլ ավելին լիներ, զարմացա, որ 2019 թվականի համեմատ՝ մեկ անձից գնումները 4.4 տոկոսով են ավելի, ես 40 տոկոսով ավելի կպատկերացնեի, ուստի պետք է հասկանալ հիմա, թե այդ ինչպե՞ս է եղել, որ այդ թիվն է արձանագրվել։ Դրանից զատ՝  անգամ այդ թիվը շատ մեծ է, ու այդ թվի մեջ մեծ դերակատարում ունի նաև Կառավարության 2017թ․ 526 որոշումը, որը մեկ անձից գնումների համար բազմաթիվ սողանցքների տեղիք է տալիս։ Մեր կենտրոնն առաջիկայում այս մասին ուսումնասիրություն կներկայացնի։ Ինչ վերաբերում է մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումներին, ապա նախ պետք է պարզել, թե դրանք  որքանով են արդարացի և համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին։ Սրանից բացի, բնական է, որ Հայաստանում պետք է մեկ անձից գնումները գերիշխեին, որովհետև մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է, և մեկ անձից գնումների այս ծավալը ցույց է տալիս, որ մոնոպոլիաները մեծ դեր են խաղում, քանի որ գործող  Կառավարությունը մոնոպոլիաները չի ջարդել»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Ըստ նրա, քանի դեռ  չկա հետաքննություն, թե այս կամ այն միջոցառման համար ինչո՞ւ է Կառավարությունն իրականացնում մեկ անձից գնում, դա իրեն հիմք է տալիս պնդելու, որ կա կոռուպցիոն ռիսկ, որովհետև Կառավարության ներկայացրած հիմնավորումները մեծամասամբ ձևական են։

«Տնտեսության կառուցվածքը չի փոխվել, և գնումների հարցում պրակտիկան մնացել է նույնը։ Կան կոռուպցիոն ռիսկեր, բայց արդյո՞ք դա միայն ռիսկ է, թե՞ բուն կոռուպցիան, դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, ես չեմ կարող դա ասել։ Դա պետք է ուսումնասիրեն Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, իսկ  Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է դրանով  զբաղվի։ Ունենք մի վիճակ, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ քննչական մարմիններն անկախ չեն, որ կարողանան կոռուպցիա բացահայտեն։ Կրկնում եմ՝ մեկ անձից գնումը՝ առանց ոչ ձևական հիմնավորման, կոռուպցիոն ռիսկ է»,- ընդգծեց Հոկտանյանը։

Վերջինս նաև շեշտեց, որ  կոռուպցիան չպետք է դիտարկել միայն մեկ չափողականությամբ, այն մի քանի չափողականության համաբույլ է, իսկ եթե ընտրվում է ընդամենը մեկ բաղադրիչը, ապա վերջում կարող է պարզվել, որ կոռուպցիա ընդհանրապես չկա։

«Օրինակ՝ եթե մեկ անձից գնման արդյունքում որակյալ ծառայություն է մատուցվում և արժեք գնի դիմաց հարաբերակցությունը պահպանվում է, հիմա  դա  լա՞վ է, թե՞ վատ, հետևաբար՝ միայն մեկ չափողականությամբ չպետք է ասել, թե այստեղ կա կոռուպցիա կամ չկա, ուստի գնումների ոլորտում պետք է նախ ուսումնասիրություններ կատարեն հենց քննչական մարմինները, հետևաբար, եթե այս իշխանությանը հաջորդի այլ իշխանություն, կլինեն քրեական գործեր»,- ասաց  Հոկտանյանը։

Նախկին իշխանությանը հաջորդած գործող իշխանության շրջանում բարձրաձայնված սկանդալային կոռուպցիոն բացահայտումների խոստումների և դրանք ապացուցող դատական վճիռների բացակայության վեաբերյալ էլ Վարուժան Հոկտանյանը նկատեց, որ վճիռների բացակայությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ քննության արդյունքում պարզվել է, որ կոռուպցիա ուղղակի չկա։

«Օրինակ՝ ասվեց դարի կոռուպցիոներ Արամ Հարությունյանի մասին, թե ի՞նչ եղավ հետո, մենք չգիտենք։ Կարծում եմ՝ հետո կպարզվի, թե ի՞նչն է պատճառը, որ այդ դարի կոռուպցիոն գործն այսպես քանդվեց։ Կրկնում եմ՝ խնդիրը և թափանցիկության և հաշվետվողականության մեջ է, և նրանում, որ կոռուպցիան մեկ չափողականությամբ չպետք է գնահատել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս