«Արաքսի ափին սահմանապահ զորքերն առաջին խուճապը ստեղծեցին՝ իրենց Վաղինակ կոչվածով». Աշոտ Մինասյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սիսական» ջոկատի հրամանատար, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանը հետադարձ հայացք գցելով պատերազմի օրերին խուճապային տրամադրությանը՝ հայտարարեց.
«Արաքսի ափին սահմանապահ զորքերն առաջին խուճապը ստեղծեցին: Դա առաջինը ստեղծեցին իրենք՝ իրենց Վաղինակ կոչվածով, որը նախկինում եղել էր խաղաղապահ զորքերի հրամանատար»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2020-ի հոկտեմբերի 26-ին:
Թե ինչ բացթողումներ էր թույլ տվել Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում պատերազմական իրավիճակում, մինչ օրս պարզ չէ:
Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին: Նշանակումը պատահական չհամարվեց, քանի որ ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով:
Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:
Ինչ վերաբերում է պատերազմական օրերին տեղի ունեցած խարդավանքներին առհասարակ, Աշոտ Մինասյանը նշեց, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանն ականատեսներին այլ տեղերում այլ պաշտոնների է դնում, կա՛մ նրանց մեկուսացնում է, որ ավելորդ ոչինչ չասեն՝ ինչպես է կատարել այդ ամբողջ խարդավանքը:
«Կարծում եմ՝ ընտրություններից հետո իրավական համակարգը պատասխանատվություն կպահանջի այդ բոլորից, որոնք եղել են հիմնական խուճապ ստեղծողները»,- ընդգծեց ռազմական գործիչը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում