«Գրանտ պրի»` «Մեր հայրենիք, թշվառ անտեր»-ի լավագույն կատարման համար
Հայաստանի քաղաքական կյանքում երկակի չափանիշներն ամեն օր ավելի հաստատուն են դառնում: Իրականում հայկական քաղաքականության մեջ եթե մնացել է որևէ ստանդարտ, դա հենց երկակի ստանդարտն է: Կարելի է հայհոյել որևէ մեկին, հետո դաշնակցել նրա հետ, կարելի է հանդես գալ թունդ արևմտամետի դիրքերից, որոշ ժամանակ անց դառնալ ավելի թունդ ռուսամետ, կարելի է ժողովրդավարության դիմակով հանդես գալ հրապարակային դաշտում, իրականում լինել բռնատեր, և այլն, և այդպես շարունակ:
Մի քանի օր է` վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Նա այնտեղ հասցրել է ոչ միայն հիանալ Սիլիկոնային հովտի ձեռքբերումներով, այլև մասնակցել է մի բողոքի ակցիայի: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը մոտեցել է Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանի բակում բողոքի ակցիա իրականացնող բնապահպաններին:
Տիգրան Սարգսյանը ոչ միայն մոտեցել է ակտիվիստներին, այլև նրանց հետ երգել է ՀՀ օրհներգը, նրա թիկնապահներն էլ ոչ միայն չեն քաշքշել բողոքի ակցիայի մասնակիցներին, այլև խոհեմաբար լսել են վարչապետի և «Թեղուտի» պաշտպանության նախաձեռնության անդամների ջերմ զրույցը:
Իհարկե, շատ ողջունելի է, որ Տիգրան Սարգսյանը` կարևորելով քաղաքացիական հասարակության դերը, իջնում է իր պաշտոնական բարձունքներից և հարաբերվում է շարքային ակտիվիստների հետ: Բայց այդ չափազանց դրական իրողությունը հերթական ու շատ ցայտուն կերպով դրսևորում է նույն Տիգրան Սարգսյանի կողմից երկակի ստանդարտներով առաջնորդվելու գործելակերպը:
Յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի առջև, տարբեր հիմնախնդիրների հետ կապված, քաղաքացիներն ու քաղաքացիական խմբերը բողոքի ակցիաներ են անցկացնում, և, լավագույն դեպքում՝ իրենց ասելիքը կարողանում են փոխանցել կառավարության միջին կարգի որևէ պաշտոնյայի, վատագույն դեպքում՝ իրենց ու կառավարության տուֆակերտ շենքի միջև կենդանի պատ կազմած ոստիկաններին:
Երբևէ Տիգրան Սարգսյանը հարկ չի համարել իջնել իր վարչապետական աշխատասենյակից ու զրույցի բռնվել ցուցարարների հետ այնպես, ինչպես Բըրբանքում: Ասվածն ամենևին չի նշանակում, թե Տիգրան Սարգսյանն ի պաշտոնե պարտավոր է ամեն հինգշաբթի կառավարության նիստից հետո իջնել ցուցարարների մոտ: Բայց կառավարության շենքի առջև, ի թիվս օտարման հետ կապված կամ սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների, գրեթե մշտապես բողոքի ակցիաներ են կազմակերպում բանակում զոհված զինծառայողների ծնողները, որոնց պահանջն ավելի շատ բարոյական է: Բայց ոչ միայն Տիգրան Սարգսյանը երբևէ հարկ չի համարում գոնե լսել այդ մարդկանց վիշտը, այլ երբեմն կառավարության նիստից դուրս եկող միջին կամ բարձր կարգի պաշտոնյաները կոպտում, անպատվում են զոհված զինվորների մայրերին:
Համեմատությունը գուցե այնքան էլ հաճելի չէ, բայց արտահայտում է մեր իրականությունը: Թե ինչու Տիգրան Սարգսյանը երբևէ չի մոտենում զոհված զինվորների ծնողներին, դժվար է ասել: Դա, թերևս, ավելի շատ իր ու իր խղճի խնդիրն է: Բայց դժվար չէ կռահել, թե ինչու է Տիգրան Սարգսյանը մոտեցել ԱՄՆ-ում բողոքի ակցիա իրականացնող բնապահպաններին: Որովհետև ԱՄՆ-ում էկոլոգիական խնդիրները չափազանց կարևորվում են, այդ խնդիրներով զբաղվողներին հսկայական դրամաշնորհներ են տրամադրվում:
ԱՄՆ-ում կարևորում են նաև «երիտասարդ երկրների» իշխանությունների «ժողովրդավարացման փորձերը», քաղաքացիական հասարակությանն ընդառաջ գնալու պատրաստակամությունը, ինչը Տիգրան Սարգսյանն ի ցույց է դրել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանի բակում:
Երկակի ստանդարտները գործում են ոչ միայն մեր ներքաղաքական կյանքում, այլ նաև Հայաստանի նկատմամբ այլ երկրների վերաբերմունքի հարցում:
Նույն ամերիկյան իշխանությունը շատ լավ տիրապետում է հայաստանյան իրականությանը, մանրամասնորեն գիտի յուրաքանչյուր պաշտոնյայի վարքագծի, գործունեության մասին, այդ թվում` ՀՀ կառավարության շենքի առջև անարդյունք բողոքի ակցիաներ անող քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Բայց ամերիկյան կողմն օրացուցային ճշտությամբ կազմակերպել է հայաստանյան բնապահպանների ու վարչապետի այցն ԱՄՆ այնպես, որ նրանք Կալիֆոռնիայում հանդիպեն իրար ու երգեն ՀՀ օրհներգը: