Ծանր վիճակում հայտնված բոլոր երեխաները պետք է վերադառնան տուն և ունենան երջանիկ ապագա… ոստիկանություն
2002 թվականին ԱՊՀ պետությունների միջև ստորագրվեց «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով համագործակցության մասին» համաձայնագիրը, որը Հայաստանում ուժի մեջ մտավ 2004 թվականից։ Համագործակցության շնորհիվ ԱՊՀ երկրներից Հայաստան մինչ օրս վերադարձվել է 100 երեխա։ Երեխաներ, որոնք արտերկրում միայնակ էին, զուրկ ծնողական կամ այլ խնամակալությունից։ Նման իրավիճակներում հայտնվում են այն երեխաները, որոնք ծնվել են արտամուսնական կապից, ծնողները նրանցից հրաժարվել կամ մահացել են, անհետ կորած են համարվում կամ ազատազրկված են։
Եղել են նաև դեպքեր, երբ երեխային առողջական խնդրի կամ արատի պատճառով թողել են հիվանդանոցում և անհետացել։ Եթե երեխան ՀՀ քաղաքացի է և փաստացի խնամքից զուրկ, սկսվում է նրան հայրենիք վերադարձնելու գործընթացը, որն իրականացնում են երկու երկրների մի քանի գերատեսչություններ։ Հայաստանն այս ուղղությամբ համագործակցում է ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների հետ, սակայն փոխգործակցության առավել հարուստ փորձ կա Հայաստանի և Ռուսաստանի միջև։
Գրություն ստանալուց հետո ոստիկանությունն իր հերթին է գործընթաց սկսում։ Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ հայտնաբերելու երեխայի ազգականներին, որոնք բնակվում են Հայաստանում: Եթե մերձավոր ազգականները ստանձնում են երեխայի խնամքը, ուրեմն երեխան վերադառնում է ընտանիք, իսկ եթե հրաժարվում են, ապա պետությունն է հոգում երեխայի դաստիարակության ու ապագայի մասին։ Այդ փուլից հետո սկսվում է երեխայի վերադարձի կազմակերպումը։
Աննկարագրելի զգացողություններ են ունենում ոստիկանները, որոնք մեկնում են այլ պետություն ու երեխային ուղեկցում հայրենիք։ Նրանցից մեկն է ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Բաբայանը։ Ոստիկանության համակարգում է 37 տարի, և ծառայության մեծ մասն ուղղված է եղել հենց այս առաքելությանը։
Հրաչ Բաբայանի խոսքով՝՝ ծառայության ընթացքում իր ուղեկցությամբ հայրենիք վերադարձած երեխաներից ամենամեծն արդեն 25 տարեկան է։ Կայացած անձնավորություն է, ծառայել է բանակում, ունի աշխատանք։
Ամփոփելով նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների, ոստիկանության ու ներքին գործերի նախարարությունների, սահմանապահ ծառայության և դեսպանատների, սոցիալական ապահովման մարմինների և մանկատների այս դժվար ու հետևողական աշխատանքն ուղղված է մեկ նպատակի՝ ծանր վիճակում հայտնված բոլոր երեխաները պետք է վերադառնան տուն և ունենան երջանիկ ապագա: