«Փոքրիկ Նիկոլներ են ձևավորվում. պետք չէ նման բաներ անել, մի՛ արեք». Տիգրան Քոչարյան
«Ընտրությունների չեղարկման մասին սկսել են խոսել այն ուժերը, ովքեր հասկացել են, որ իրենք չեն անցնելու ԱԺ. Խոսքը «Լուսավոր Հայաստան»-ի, Արա Աբրահամյանի «Մեր տուն, Հայաստան», Արտակ Թովմասյանի մասին է: Այսինքն՝ փոքրիկ Նիկոլներ են ձևավորվում, էն ժամանակ, որ ասում էր՝ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա էլ այս ուժերը ասում են՝ դե, մենք չենք անցնում, ուրեմն՝ ընտրությունները պետք է չեղարկել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Ընդ որում, Մարուքյանը շարունակում է իր այն ռազմավարությունը, որը որդեգրել էր վերջին 3 տարվա ընթացքում՝ ձևական Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր խաղալով, բայց ճակատագրական պահերին ձեռքը մեկնելով կամ սիրաշահելով Փաշինյանին: Գուցե մարդու մոտ ստոկհոլմյան սինդրոմ է, կամ ինքը սիրում է Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծեց նա:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ իշխանություններն ընտրությունները չեղարկելու ցանկություն ունեն, բայց դա անելու միջոց չկա. «Ես ձեզ մոտ էլի եմ ասել, որ ընտրությունների գնալը դարձել է ոչ միայն ներքին կոնսենսուս, այլ նաև աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ պետք է ընտրություններ լինեն, և որ կողմը խուսափում է ընտրություններից, իրեն շատ արագ վերադարձնում են տրամաբանական դաշտ, որ ոչ, ընտրությունները պետք է լինեն, և դրանով շատ հարցեր են լուծվում: Ես չեմ ասում, որ աշխարհաքաղաքական մեծերը որոշել են, որ իշխանափոխություն պետք է լինի կամ չլինի, ուղղակի իրենք ասում են, որ ընտրություններ պետք է լինեն, որ ամեն մեկն իր տեղն իմանա, այսինքն՝ եթե, Փաշինյան, դու հիմա խոսում ես, որ 70 տոկոսանոց տղա ես, իրականում մենք պետք է հասկանանք՝ դու 30 տոկոսանո՞ց ես, թե՞ 60 տոկոսանոց: Նույնը վերաբերում է ընդդիմությանը: Գլոբալ սոցհարցում է գնում, որ հասկանան՝ որը որից հետո է: Փաշինյանը կարող է գնալ՝ Մոսկվայում Ալիևին խոստանալ բաներ և լծակներ չունենալ՝ խոստումները կատարելու համար, դրա համար բոլորին հետաքրքիր է, որ այդ ընտրությունները լինեն: Փաշինյանենց մոտ մեծ ցանկություն կա, որ ընտրությունները չլինեն, որովհետև տենդենցը ցույց է տալիս, որ իրենք գնում են դեպի պարտություն»:
Նա հավելեց. «Փաշինյանը փորձելու է մաքսիմալ կերպով կատարել այն ամենը, ինչի համար ինքը վճարվել է կամ խոստացել է կատարել, որովհետև եթե չկատարի, իրեն ավելի վատ ճակատագիր է սպասվում, քան ինքը նույնիսկ պատկերացնում է, եթե ընկնի ընդդիմության ձեռքը: Այն մեծերին, որոնց խաբել է կամ փորձել է խաբել, իրենց պատասխանը շատ ավելի վատ է լինելու, քան, ենթադրենք, դա ընդդիմադիրները կանեին, երբ ինքը հայտնվի նրանց ձեռքերում: Նիկոլ Փաշինյանը շատ վախկոտ մարդ է՝ և՛ ֆիզիկապես, և՛ գաղափարապես, դրա համար վախից դրդված՝ այս ամենը փորձելու է անել»:
Նա ընդգծեց, որ անձամբ սատարում է «Հայաստան» դաշինքին, և ցանկություն ունի, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մաքսիմալ ձայներ հավաքեն, անցնեն խորհրդարան և փակեն Նիկոլ Փաշինյանի էջը. «Համար 1 խնդիրը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, եթե հնարավոր է երկրի համար անցնցում ազատվել մինչև ընտրություններ, ես կողմ եմ: Փոքր կուսակցություններ կան, ես խորհուրդ կտամ ամբիցիաները մի կողմ դնել և միանալ այդ երկու դաշինքներից որևէ մեկին: Ես չեմ հասկանում որոշ ընդդիմադիր խաղացող ուժերի, որոնք ձայներ են տանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, պետք չէ նման բաներ անել, մի արեք, ավելի լավ է՝ ձեր ամբիցիաները փակեք, միացեք կամ դուրս եկեք: Ամեն խլած տոկոսը գնում է Նիկոլ Փաշինյանի օգտին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում