«Երբ թշնամին այդ ճանապարհով անցնում է, իրեն լկտի ձևով է պահում, բայց մեր փակելուց հետո կարծեք թե սսկվել է». Մարտունիի ավագանու անդամը՝ Կարմիր Շուկայի մասին

Մայիսի 18-ին Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել էին գլխավոր ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի թշնամուն ռուս խաղաղապահների միջնորդությամբ ստիպեն անկանոն չկրակել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ ակցիայից առաջ թշնամին իր կողմից օկուպացված տարածքներից օրեր շարունակ կրակել էր խաղաղ բնակավայրերի վրա։

Նշենք, որ այդ ընթացքում կրակոցներ էին հնչել Թաղավարդի ուղղությամբ, դրան հաջորդել էին թշնամու սադրանքները Հաթերք գյուղի ուղղությամբ։

Թեև մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո ռուս խաղաղապահների ջանքերով բնակիչները ճանապարհը բացել էին, այդուհանդերձ, նրանք շարունակում են մտավախություններ ունենալ, որ թշնամին, հավատարիմ մնալով իր գործելաոճին, կրկին կդիմի սադրանքների։

168.amի հետ զրույցում Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանն ասաց, որ Կարմիր Շուկայում իրականացրած ակցիայից հետո ամեն ինչ հանգիստ է։

«Տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր թշնամին Կարմիր Շուկայի ճանապարհն իրենց վերահսկողության տակ է վերցրել. նման բան չկա, նրանք առաջ չեն եկել, որևէ բան չեն գրավել։ Երբ թշնամին այդ ճանապարհով անցնում է, իրեն լկտի ձևով է պահում, տարբեր բաներ է անում՝ երաժշտության ձայնն են բարձրացնում, ինչ-որ ժեստեր են անում՝ փորձելով բնակիչներին վախեցնել ու վատ դրության մեջ դնել, նրանք բնակիչների հանգիստն են խանգարում»,- նշեց Արտակ Մկրտչյանը։

Ավագանու անդամի խոսքով՝ արցախցիները ցանկացած ճանապարհով պետք է իրենց իրավունքները պաշտպանեն, քանի որ թշնամին իրավունք չունի խաթարել բնակիչների առօրյան ու անվտանգությունը։

«Եթե թշնամին այդպես շարունակի, պարզ է, որ բոլորս էլ բողոքելու ենք ու չենք թողնելու, որ նա հասնի իր ուզածին։ Բայց մեր կողմից այդ ճանապարհը փակելուց հետո կարծեք թե թշնամին սսկվել է, սակայն եթե նորից կրկնի՝ պայքարելու ենք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանին, Արտակ Մկրտչյանն ասաց, որ արձանի հետ կապված խոսակցություններն այս պահին դադարել են։

«Թեմայի շուրջ ամեն ինչ հանգիստ է, արձանը շարունակում է մնալ իր տեղում»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահանջն է եղել, որպեսզի քաղաքից հանվի Գարեգին Նժդեհի արձանը, որը վերջնական տեսքի բերելու համար դեռևս աշխատանքներ կան իրականացնելու։

Տեսանյութեր

Լրահոս