Օրեր են լինում, որ կրակում են, բայց այսօր ավելի հանգիստ է». Թաղավարդի գյուղապետ
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Այստեղ ժամանակ առ ժամանակ թշնամին կրակում է, թիրախը ոչ թե գյուղի բնակիչներն են, այլ անհայտ ուղղություն, մեծամասամբ՝ օդ են կրակում։
Երեկ կրկին խոսակցություններ շրջանառվեցին, որ թշնամին կրակել է Թաղավարդի այն հատվածի վրա, որը մնացել է հայկական վերահսկողության տակ։
168.am–ի հետ զրույցում Թաղավարդի ղեկավար Օլեգ Հարությունյանն ասաց, որ երեկ հանգիստ է եղել, որևէ կրակոց չի եղել, կրակոցները հնչել են մայիս 17-ին։
«Այսօր կրակոցներ չեն հնչել, երեկ են կրակել, օրեր են լինում, որ կրակում են, բայց այսօր ավելի հանգիստ է։ Խաղաղ բնակիչներին չեն կրակում, օդ են կրակում, վախենում՝ կրակում են։ Իրենք անտառի մեջ են, կարող է մի չխկոց լսվի, մի կենդանի անցնի, իրենք վախենան են կրակեն»,- նշեց Օլեգ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Թաղավարդի ուղղությամբ թշնամին առաջ չի եկել, և տարածվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
«Մեր զորքը կանգնած է, էլ թշնամին ո՞ւր առաջ գա։ Գյուղում հանգիստ են, մարդիկ փորձում են ապրել, շատ թե քիչ կարող են գյուղատնտեսական աշխատանքներ անել»,- եզրափակեց Օլեգ Հարությունյանը։
Հիշեցնենք որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: