Հիմա մեզանից միայն խելամիտ քայլեր են պահանջվում, հակառակ դեպքում կկորցնենք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից. պատմաբան

«Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում անընդհատ նույն սխալները կրկնում է: Մենք հայտնվել ենք նույն 1920 թվականի իրավիճակում, երբ մի կողմից՝ կար ռուսական գործոնը, մյուս կողմից՝ Արևմուտքի խոստումները, ինչպես նաև կա թուրքական կողմի ներխուժումն Անդրկովկաս: Եվ հիմա մեզանից միայն խելամիտ քայլեր են պահանջվում, հակառակ դեպքում կկորցնենք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ արձագանքը չբավարարեց ոչ ՀՀ իշխանությանը, ոչ ժողովրդին, դրան գումարած՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսի կողմից ռազմական համագործակցության ընդլայնումը Ադրբեջանի հետ:

«Աբսուրդ վիճակ է, մենք դիմում ենք ՀԱՊԿ-ին, իսկ հաջորդ օրը ՀԱՊԿ անդամ Բելառուսը գալիս և նոր ռազմատեխնիկական պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ, հետևաբար՝ սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի վրա հույս դնելը ներկա պահին անիմաստ է, ուստի մնում է երրորդ տարբերակը՝ Հայաստանը պետք է խնդիրը տանի դիվանագիտական դաշտ: Ներկա պահին չունի ռազմական այն ռեսուրսները, հնարավորությունները, որպեսզի խնդիրը շարունակի կարգավորել ռազմական ճանապարհով: Մեզ պետք է շատ արագ մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները, Սփյուռքի ներուժը, դիվանագիտական կորպուսը, որպեսզի մեծ արձագանք ստանա Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիան: Եթե դա չկարողանանք իրականացնել, ռազմական ճանապարհով դա կանխելը շատ բարդ է, շատ կյանքեր է արժենալու: Պետք է օգտվենք նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մեկնած ձեռքից, առանց վարանելու օգտվել Իրանի մեկնած ձեռքից: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ ըստ էության Արևմուտքը հստակ կանգնում է Հայաստանի կողքին, անգամ պատրաստ է գործողությունների: Հիմա մեզ պետք է հասկանալ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն ուղղակի հայտարարությո՞ւն էր, թե՞ փոխվում է գործողության»,- նշեց պատմաբանը:

Գևորգ Մելքոնյանն ընդգծեց՝ Հայաստանը շտապ պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և պահանջի, որպեսզի Հայաստանում ՄԱԿ-ը՝ նաև որպես խնդիրներ կարգավորող մարմին, հանդես գա հայտարարությամբ՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ գործողությունները դատապարտի և, եթե ՀԱՊԿ-ը կոնկրետ գործողությունների չի դիմելու, ապա Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր բերվեն ՄԱԿ-ի մանդատով որևէ երկրի կամ մի քանի երկրների խաղաղապահ ուժեր:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, պատմաբանը նկատեց. «Սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենալու, և հայկական կողմի համար շատ ցավոտ է լինելու: Այն սահմանները, որ գծվել են ԽՍՀՄ տարիներին, հիմա այդ քարտեզները երկու կողմում էլ կան, ու մեզ համար լինելու է շատ խոցելի իրավիճակ, որովհետև շատ տարածքներ, գյուղեր, բարձունքներ հենց այդ քարտեզի հիման վրա անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Մեր հասարակությունը թող պատրաստ լինի, որ գնալու ենք սահմանազատման, որպեսզի հանկարծ արցախյան երկրորդ պատերազմի նման չկրկնվի, չասենք՝ հա, դե պետք է ազատագրված հողերը տայինք, բայց չտվեցինք, և այլն: Մենք կարող էինք պահել, սակայն այնպես ստացվեց, որ չկարողացանք պահել: Այսինքն, եթե տեսնում ենք, որ բոլոր կողմերից ասում են՝ գնացեք սահմանազատման, ուրեմն գնալու ենք: Ադրբեջանը հիմա պահանջում է Նախիջևանից մինչև Մեղրի իրականացնել սահմանազատում ու ասում է՝ եթե դու չես անում, ես իմ կողմից գալիս եմ առաջ, ես եմ գծում, հիմա սա ինչքանո՞վ է ձեռնտու հայկական կողմին: Կա մյուս տարբերակը՝ նոր պատերազմ: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ պատերազմի»:

Պատմաբանի խոսքով՝ հիմա պետք է դիվանագիտական քայլերով հասնենք նրան, որ դատապարտվի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, ադրբեջանական զինվորները դուրս գան, ու նոր անցնեն հաջորդ փուլին:

Գևորգ Մելքոնյանը հնարավոր համարեց որոշ տարածքների փոխանակումը, օրինակ՝ Տիգրանաշենը՝ Արծվաշենի հետ, և այլն:

Հավելենք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր՝ մոտ 500-600 հոգի, շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Տեսանյութեր

Լրահոս