«Ազգային միասնական շարժումն» արդյոք կմտնի Վրաստանի խորհրդարան. Մելիան հայտարարություն է արել
Վրաստանի «Ազգային միասնական շարժում» (ԱՄՇ) ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը երկրի խորհրդարան մտնելու կամ չմտնելու որոշումը կընդունի մեկ շաբաթ անց: Այդ մասին լրագրողներին հայտարարել է կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
Մելիան առաջին անգամ է կուսակցության գլխավոր գրասենյակում հայտնվել այն բանից հետո, երբ նախօրյակին լքել է Ռուսթավիի բանտը: Քաղաքական գործիչը հանդիպել է ԱՄՇ-ի առաջնորների եւ կողմնակիցների հետ: Նրա խոսքով՝ այսօրվանից կուսակցությունը ձեռնամուխ է լինում կոնսուլտացիաների՝ խորհրդարան մտնելու եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի պատրաստած համաձայնագրի ստորագրման հարցերի շուրջ: Իր առաջնորդի ազատ արձակվելուց առաջ կուսակցությունը կտրականապես հրաժարվել է գնալ այդ քայլերին:
«Կուսակցության մեջ տարբեր կարծիքներ ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ուստի գործընթացը պահանջում է կոնսուլտացիաներ,-ասել է Մելիան:-Մենք ջանում ենք մեկ շաբաթում որոշում ընդունել, որին այնքան սպասում է հասարակությունը: Առաջին հերթին պետք է միահամուռ կերպով որոշում ընդունվի այն մասին, թե շարունակում է արդյոք կուսակցությունը գործել կոնկրետ պլանով կամ այն փոխում է մեկ ուրիշով: Այսինքն՝ խորհրդարանական կյանք է սկսում այլ գործունեության հետ զուգահեռ կամ ոչ, կուսակցությունը ստորագրում է փաստաթուղթը եւ այդպես մտնում է խորհրդարան կամ չի ստորագրում եւ մտնում է այլ պայմանների դեպքում», հաղորդել է Sputnik-ը: