«Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի կայանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաշվին». Արման Թաթոյան
«Երբեք չի եղել, որ պատերազմական նման ծավալի իրադարձությունների ժամանակ ՄԻՊ ինստիտուտ գործի, առավել ևս, որ նման փորձ չկար: Այնպես որ, այս տարվա զեկույցը, կարծում եմ, օրինաչափ էր իր խնդիրներով: Այն նաև ամենամեծածավալն է, որովհետև իր մեջ ամփոփում է ոչ միայն Քովիդ-19 համավարակն ու պատերազմը, այլև դրանց ճյուղային հետևանքները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարցին, թե ինչո՞ւ զեկույցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՄԻՊ աշխատանքը նսեմացնող ոչ պարկեշտ ելույթ ունեցավ, ինչին ինքը շատ կտրուկ արձագանքեց, Արման Թաթոյանը պատասխանեց, որ այդ ելույթը հայտարարվել էր՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ, հետևաբար՝ դա նշանակում էր, որ ինչ ելույթ էլ լիներ, դա լինելու էր կառավարող խմբակցության և քաղաքական խմբակցության ընդհանուր դիրքորոշումը:
«Ես սպասում էի այդ ելույթին, որովհետև այդ ելույթը նույն պատգամավորի կողմից եղավ նաև մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ: Ես այդ ժամանակ ինձ զսպեցի կամ չարձագանքեցի այն կերպ, ինչ պետք էր կամ կարող էի՝ համարելով, որ դա իմաստ չունի, որովհետև հանրությունը տեսնում է մեր աշխատանքը, և անհատ պատգամավորի ելույթին չարժեր արձագանքել: Բայց արդեն երկրորդ անգամ, պլենար նիստում քննարկման ժամանակ ես այլևս չէի կարող թողնել այդ կերպ, որովհետև այդ կառույցը պարզապես կտապալվեր, կհեղինակազրկվեր»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նշեց, որ այդ ելույթը ոչ միայն իրենց կատարած հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ բացարձակ անհարգալից վերաբերմունք էր, այլև մանիպուլյատիվ, որովհետև ամբողջովին ձևախեղում էր իրենց կատարած աշխատանքը:
«ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքի լավագույն գնահատականը հանրային բարձր աջակցությունն է: Բացի դրանից, միջազգային նոր զեկույցներով մեր աշխատանքը կրկին ճանաչվել է՝ որպես լավագույն փորձ: Եթե ես չարձագանքեի, դա նշանակում էր, որ, այո, մենք միացել ենք մեդիատեռորին, մենք արդարացնում ենք բռնությունը, քաղաքական հայտարարություններ ենք անում, և, ի վերջո, ստացվում էր, որ գործ ունենք երբևէ գոյություն ունեցած վատագույն կառույցի հետ, այն էլ՝ հեղինակազրկված»,- ասաց Արման Թաթոյանը:
Անդրադառնալով իր եզրափակիչ ելույթում Հանրային հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությանն ու դրան հետևած Պետրոս Ղազարյանին Հ1-ի տաղավարում տված իր հարցազրույցին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ պնդում է՝ իր զեկույցները կամ չեն լուսաբանվել, կամ լուսաբանվել են աղավաղված:
«Մենք կհրապարակենք մեր մոնիտորինգի արդյունքները: Այն վերաբերմունքը, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ ցուցաբերված էր, ակնհայտորեն ուղղված էր ՄԻՊ դերի նվազեցմանը և նույնիսկ հեղինակազրկմանը: Ես հատուկ էի գնացել Հանրային հեռուստաընկերություն, որ իրենց հետ կապված հարցերն իրենց հետ քննարկեմ: Կարող եմ ասել, որ դա հարցազրույց չէր, այլ պատվերով հանձնարարականի կատարում, որովհետև ես չկարողացա այդ ամբողջ խնդիրները ներկայացնել: Հարցազրույց վարողն ինձ ուղղակի հնարավորություն չտվեց»,- ասաց Արման Թաթոյանը:
Վերջինս նշեց, որ միայն մոնիտորինգով չեն սահմանափակվելու, և ինքը երբեք թույլ չի տալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հեղինակազրկել ու նսեմացնել. Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Արման Թաթոյանի խոսքով՝ հարցազրույցը սկսվելուն պես ինքը հասկացել է, որ կա Պաշտպանի դերի ու գործառույթների խորը չիմացություն, որովհետև երբ հնչում է հարց, թե եթե համաձայն չեք իշխանությունների հետ, ուրեմն ընդդիմադիր եք, դա բացարձակ անթույլատրելի մոտեցում է:
«Քաղաքական մարմինների հետ համաձայն լինելը չի նշանակում՝ լինել իրավունքը չպաշտպանող: Դու կարող ես լինել իշխանության մարմինների հետ ոչ համաձայն, բայց Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՀՀ պետական շահը պաշտպանող: Չի կարելի Մարդու իրավունքների պաշտպանին դիտարկել՝ որպես ընդդիմադիր կամ իշխանամետ: Կամ ասում են՝ քեզ ընդդիմադիրները գովում են: հետո՞ ինչ: Այսօրվա իշխանությունները որ ընդդիմադիր էին, իրենք էլ էին գովում: Ես հազար անգամ հայտարարել եմ, որ չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովի: Դա աշխատանք է, և վերջ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանը հիշեցրեց, որ բոլոր պետական մարմինների համար կա պարտավորություն, որ նրանք պարտավոր են աջակցել ՄԻՊ-ին, աջակցել նրան:
«Եթե ՄԻՊ-ը թույլ տա, որ որևէ մեկն իր հաշվին փորձի կայանալ, դա ամենավատ բանն է: Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ հաշվին փորձի կայանալ»,- ասաց Պաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում