Հոլիվուդ՝ կեղտոտ կատակների վայր

Տեսաբաններ Արիել Դորֆմանը և Արմանդ Մաթելարթն իրենց «Ինչպես ընթերցել Դոնալդ Դաքին» գրքում գրում են, որ «Հոլիվուդի միակ մարդը, ում դու չես կարող կեղտոտ կատակ պատմել, Դիսնեյն է» (1):

Հոլիվուդը կեղտոտ կատակների սիրահար, հավակնոտ երիտասարդ է, որն ինքն իրեն վերածել է «երազանքների թատրոնի»:

Հոլիվուդի լեգենդը սկսվել է 20-րդ դարի սկզբին: 17-րդ դարում, երբ իսպանացի հետազոտողներն առաջին անգամ այցելեցին այժմ արդեն որպես Հոլիվուդ հայտնի վայր, բնիկ ամերիկացիներն անհիշելի ժամանակներից ապրում էին Սանտա-Մոնիկայի լեռների կիրճերում: Շուտով հնդկացիներին տեղահանում են իրենց բնակավայրերից և տարածքը, որտեղ այժմ Հոլիվուդն է, իսպանական կառավարությունը երկու մասի է բաժանում: Արևմտյան հատվածը բաժին հասավ Ռանչո լա Բրեային (Rancho La Brea), իսկ արևելյան հատվածը՝ Ռանչո Լոս Ֆելիզին (Rancho Los Feliz) (2):

1870-ական թվականներին այդ շրջանում մեծ զարգացում էր ապրում գյուղատնտեսությունը. Այստեղ աճեցվում էին հացահատիկի տեսակներից մինչև բանան և արքայախնձոր: Հոլիվուդի հնարավորությունները, սակայն, շատ ավելին էին:

Կարդացեք նաև

1883 թվականին Կանզասի Տոպիկա քաղաքից Լոս Անջելես՝ Հոլիվուդ է տեղափոխվում անշարժ գույքի գործի շնորհիվ մեծ հաջողությունների հասած Հարվի Հենդերսոն Ուիլքոքսը՝ կնոջ՝ Դեիդայի հետ: 1886 թվականին Ուիլքոքսը գնում է 160 հեկտար (0.6 կմ²) հողատարածք, որը ձգվում էր դեպի քաղաքի արևմտյան հատված: Մի քանի տարիների ընթացքում Ուիլքոքսը նոր համայնքի համար ստեղծում է ցանցային ծրագիր և բնակելի հողատարածքներ է վաճառում արևմուտքից եկած հարուստներին, որոնք ցանկանում էին տներ կառուցել՝ «Քալիֆորնիայում ձմեռելու համար»:

Ուիլքոքսի քարտեզը

Տարակարծություն կա, թե ով է առաջինն այդ տարածքը Հոլիվուդ անվանել: Համաձայն առաջին տարբերակի՝ Հ. Ջ. Ուիթլին, որը հայտնի է որպես «Հոլիվուդի հայր», 1886 թվականին, երբ Հոլիվուդում իր ամուսնական ճամփորդությունն էր վայելում կնոջ՝ Ջիջիի հետ, կանգնել է ձորի վերևում գտնվող բլրի գագաթին: Որոշ ժամանակ անց փայտ տեղափոխող վագոնով նրան է մոտեցել մի չինացի: Նա դուրս է եկել վագոնից ու խոնարհվել և Ուիթլին այդ մարդուն հարցրել է, թե այստեղ նա ի՞նչ է անում: Չինացին պատասխանել է՝ Ես փայտ տեղափոխող եմ (I holly-wood), և Ուիթլին որոշել է նոր քաղաքը Հոլիվուդ անվանել (3):

Մյուս տարբերակի համաձայն՝ անվանումը տարածքին տվել է տիկին Ուիլքոքսը՝ 1883 թվականին: Գնացքում նա ծանոթանում է մի հարուստ տիկնոջ հետ, որը պատմում է իր գյուղական տան մասին, որն անվանել են «Հոլիվուդ»՝ ի պատիվ Զվոլիից հոլանդացի ներգաղթյալների բնակավայրի: Լոս Անջելես վերադառնալուց հետո տիկին Ուիլքոքսը որոշել է այդպես անվանակոչել իր տարածքը (4):

Հարվի Հենդերսոն Ուիլքոքսը և Դեիդա Ուիլքոքս Բևերիջը

Ուիլքոքսը մահանում է 1891 թվականին, բայց Դեիդան շարունակում է իրականացնել նրա երազանքները: Նա հողատարածքներ է նվիրաբերում գրադարանի և քաղաքապետարանի, այգու, դպրոցի և անգամ ոստիկանական բաժանմունքի համար: 1894 թվականին Դեդիան կրկին ամուսնանում է և իր նոր ամուսնու՝ Ֆիլ Ջ. Բևերիջի հետ շարունակում է նպաստել Հոլիվուդի զարգացմանը: Դեիդային կոչում են Հոլիվուդի մայր (5):

1900 թվականին Հոլիվուդում արդեն բնակվում էր 500 մարդ, կար փոստային բաժանմունք, թերթ, հյուրանոց և երկու շուկա:

Կինոստուդիաների ստեղծումը

1900-ականների սկզբին կինոգործիչները սկսեցին շարժվել դեպի Լոս Անջելես՝ խիստ պայմանների պատճառով փախչելով Նյու Ջերսիում գտնվող Փոմ Էդիսոնին պատկանող Motion Picture Patents Company-ից (6): Քանի որ կինոյի ստեղծման իրավունքի մեծ մասը պատկանում էր Էդիսոնին, անկախ կինոգործիչները հաճախ դատի էին տալիս կինոընկերության ղեկավարին՝ իրենց արտադրությունը կասեցնելու համար:

Հոլիվուդի առաջին կինոստուդիան

Մինչև 1918 թվականը ֆիլմերի նկարահանման համար անհրաժեշտ սարքավորումների մեծ մասն արտադրում էին Եվրոպայում: Ֆրանսիան նույնիսկ շաբաթական տասնյակ ֆիլմեր էր ներմուծում ԱՄՆ: Բայց 1918 թվականին Կոնգրեսի որոշման համաձայն Ֆիլմերի արտահանման ասոցիացիան (MPEA) արտահանման գներ կարող էր սահմանել և պայմաններ դնել արտասահմանյան վաճառքի վրա: Արդյունքում արտասահմանյան վաճառքը շուտով ապահովում է կինոարդյունաբերության եկամտի զգալի մասը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկան ի վիճակի էր քվոտա դնել Եվրոպայում և աստիճանաբար դեպի ծայրամասեր հետ մղել տեղական արտադրությունը, և հատկապես հիմա, երբ հոլիվուդյան հսկաները դարձել են խոշոր կոնգլոմերատների մի մաս, որոնք ոչ միայն ֆիլմեր են արտադրում, այլ նաև ունեն սեփական կինոթատրոններ, տեսաերիզների խանութներ, կաբելային / արբանյակային ալիքներ աշխարհի ամենատարբեր կետերում: 1990-ականների կեսերին Ամերիկան վերահսկում էր համաշխարհային կինոշուկայի մոտ 85 տոկոսը և նույնիսկ Ֆրանսիայում, որը միակ եվրոպական երկիրն էր, որը պահպանում էր սեփական կինոարտադրության հզոր արդյունաբերությունը, ֆրանսերեն ֆիլմերը ապահովում էին ստացվող եկամուտի ընդամենը 30 տոկոսը:

Այս իրավիճակը չէր կարող անտարբեր թողնել եվրոպական հեղինակային կինոյի ներկայացուցիչներին, որոնց՝ կուլտային ֆիլմերում ներկայացրած գաղափարների հակապատկերն էին ամերիկյան մեյնսթրիմ ժապավենները: Ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, ֆրանսիական կինոյի «նոր ալիքի» մեծագույն դեմքերից մեկը՝ Ժան-Լյուկ Գոդարը, որը կարծում էր, որ «Լոս Անջելեսը պարզապես մեծ ավտոտնակ է», հարցազրույցներից մեկում, խոսելով ֆրանսիական և ամերիկյան կինոյի տարբերությունների մասին, ասել է. «Ես միշտ կարեկցել եմ ֆրանսիական կինոյին, քանի որ այն չունի գումար, և ես կարեկցում եմ ամերիկյան կինոյին, քանի որ այն չունի գաղափարներ»: Վարպետն անդրադարձել է նաև «Օսկար» մրցանակին. «Հիմա ավելի շատ քանակի մարդկանց է թվում, թե իրենք գիտեն՝ ինչպես պետք է կինո նկարել: Եվ եթե այս բոլոր մարդիկ զբաղվեն ինքնաթիռաշինությամբ, ապա այդ բոլոր ինքնաթիռներն առաջին իսկ թռիչքին վայր կընկնեն: Այնուամենայնիվ, նման աղետներն ավելի հաճախ են արժանանում «Օսկարի»»:

Որքան էլ բացասական լինի Գոդարի կարծիքը Հոլիվուդի մասին, այն ֆիլմարտադրության հավերժական խորհրդանիշն է:

Հոլիվուդի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ Հոլիվուդի «Ոսկե դար»-ին: Համր կինոյի դարաշրջանի ավարտից հետո՝ 1927 թվականից սկսած մինչև 1948 թվականը, հոլիվուդյան կինոստուդիան վերահսկում էր, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվելու ամբողջ երկրում: Հոլիվուդի հինգ խոշոր ստուդիաներն ունեին մեծ թատրոններ, որտեղ ցուցադրում էին իրենց արտադրած ֆիլմերը միայն, որոնցում խաղում էին իրենց հետ պայմանագրով կապված դերասանները: Այդ 5 հսկաներն էին Paramount-ը, RKO-ն, 20th Century Fox-ը, Metro-Goldwyn-Mayer (MGM)-ը և Warner Bros-ը:

Այնուամենայնիվ, 1948 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վերին ատյանի դատարանի ընդունած որոշմամբ ֆիլմարտադրող ընկերությունները չէին կարող ունենալ իրենց կինոթատրոնները և ցուցադրել միայն սեփական արտադրության ֆիլմեր ու միայն այն դերասանների մասնակցությամբ, որոնց հետ ունեն ստորագրված պայմանագրեր: Այս որոշումը ոչ պաշտոնապես ազդարարեց Հոլիվուդի «Ոսկե դար»-ի ավարտը:

Կարճ ժամանակ անց հեռուստատեսությունն ապացուցեց, որ եկամտաբեր և մշտական զվարճանքի միջոց է, և արդյունքում, 1950-ական թվականներին, այդ նույն ստուդիաները սկսում են արտադրանք տալ հեռուստատեսության համար:

Գլոբալացումը և Հոլիվուդը

Նախևառաջ, ի՞նչ է գլոբալացումը: Գլոբալացումը տարբեր ասպեկտներ ունի, բայց կան նաև ընդհանուր հայտարարներ. փակ սահմանները դադարում են գոյություն ունենալ, և այն, ինչ դարեր շարունակ կա՝ ազգային տարածությունը, դառնում է խոցելի: Ռոբերթսոնն այս երևույթն անվանում էր մաքդոնալդացում, ամերիկանացում: Եվ դա պատահական չէ, քանի որ գլոբալացման հիմքերը, որքան էլ դրանց վաղնջականության պատճառով գտնելը բարդ լինի՝ Ամերիկայի իշխանությունների ձեռքերում են: Գաղափարների և մեդիա արտադրանքի խաղարկումը, որը դեռ 20-րդ դարի 20-ական թվականներից Հին Հոլիվուդում օգտագործվում է որպես գործիք, ստեղծել է համաշխարհային շուկայի ինստիտուտը:

Հղումներ՝

1. «Ինչպես ընթերցել Դոնալդ Դաքին», Արիել Դորֆման և Արմանդ Մաթելարթ, էջ 22, 1971:

2. Hollywood. The History of the Movie Capital, ReelRundown, 2016:

3. «Հոլիվուդի հայրը մահացել է», Hollywood Daily Citizen, 1931:

4. «Հոլիվուդ. կինոյի մայրաքաղաքի պատմությունը», ReelRundown:

5. How one Ohio native became the ‘Mother of Hollywood’, Hadley Meares

6. Jacobs, Lewis. The Rise of the American Film Harcourt Brace, New York, 1930, p. 85:

Անի Գաբուզյան

art-collage.com

Տեսանյութեր

Լրահոս