«Արտոնության նախագիծը, որի մասին խոսում էր պատգամավորը, իրենց կառավարությունն է հաստատել, և իրենց ԱԺ-ն էլ «կողմ» է քվեարկել… Տերմինալի մասով իրենց սրտի օլիգարխը մեծ ցանկություն ունի՝ ուզում են, թող բերեն-դնեն»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում են վերացնել ճանապարհային հարկի համար տրված արտոնությունը։ Նրանք պնդում են, թե այդ օրենքի կարգավորումը տրվել է մեկ տնտեսվարողի համար:
Ներկայացնելով նախագիծը, իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ 2017 թվականի վերջին Սյունիքի համայնքապետերից մեկը նամակով դիմել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն, իսկ կառավարությունն էլ հավանության է արժանացրել այդ գաղափարը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ին, որը փակվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք, բախվել սյունեցիների բողոքներին, որին հաջորդեցին տերմինալում ստուգումներն ու այնուհետ՝ դրա փակումը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի չհաջողված այցը Սյունիքի մարզ եղել է ապրիլին 21-ին, իսկ տերմինալը փակվել է ապրիլի 22-ին։
168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց, որ, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս իշխանությունները դրսևորում են «փնթի գործելաոճ»։
«Այդ արտոնության նախագիծը, որի մասին խոսում էր պատգամավորը, իրենց կառավարության կողմից է հաստատվել, և, բնականաբար, իրենց ԱԺ-ն էլ «կողմ» է քվեարկել։ Այնպես են խոսում, ասես՝ լուսնից նոր են իջել։ Կամ էլ տեղյակ չեն, թե իրենք ինչով են զբաղվում։ Նորից եմ ասում՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հաստատվել է իրենց ոչ բարով կառավարության նիստում և ներկայացվել է ԱԺ ու հաստատվել այն ժամանակ, երբ «Իմ քայլը» մեծամասնություն էր, և ելույթ ունեցողն էլ երևի անձամբ քվեարկել է»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ չնայած անշնորհակալ գործ է «անգրագետ, վատ կրթություն ստացած, աշխատանքային փորձ չունեցող մարդկանց տրամաբանություն կամ տնտեսագիտություն սովորեցնել», բայց պետք է հասկանան, որ այդ ընդունած արտոնությունների շահառուն Հայաստանն է, երկրի Համախառն ներքին արդյունքը և ՀՀ քաղաքացին ու տնտեսվարողը։
«Այդ արտոնության շնորհիվ մի փոքր հնարավորություն է ստեղծվում, որպեսզի լոգիստիկ ծառայություները, որոնք ամբողջությամբ կատարվում են իրանական կողմում, հայկական կողմում էլ կատարվեն։ Իրանական մեքենան, որը մտնում է Հայաստան, 182 հազար դրամ տարբեր վճարումներ է կատարում, որից 150 հազարը ճանապարհային հարկն է, որը վճարվում է մեր երկրի ճանապարհներն օգտագործելու համար։ Երբ մենք այդ արտոնությունը տալիս ենք, հնարավորություն է ստեղծվում, որ մաքսային սահմանի հարևանությամբ լոգիստիկա զարգանա, ամբողջ աշխարհում երկրների, պետությունների առաջնային գործն է, որպեսզի նպաստեն դրան»,- հավելեց Մխիթար Զաքարյանը։
Վերջինս վստահ է, որ ԱԺ ընդունած նախագծից հետո ժողովուրդն ու բիզնեսն իրենց վրա կզգան բացասական հետևանքները, և բողոքի ձայն կբարձրանա։
Ըստ նրա, «Ագարակ տերմինալի» տարածքում 1 կմ շառավղով 146 հեկտար հողատարածք կա, այսինքն՝ այնտեղ կարող են տասնյակ տերմինալներ չլինել։
«Ո՞վ ուրախ չի լինի, որ գան իր տարածքում ներդրումներ անեն, լոգիստիկ հնարավորություններ լինեն, և այդ դեպքում իշխանության վրեժխնդրության օրենքը վերաբերի ոչ միայն իմ ընտանիքին պատկանող բիզնեսին, այլև մի քանի հոգու»,- շեշտեց նա։
Հարցին՝ արդյո՞ք ներդրողներ կգնան Սյունիք ներդրումներ անելու համար, քանի որ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարում է, որ այդ արտոնությունը վերացնելուց հետո շատ ներդրողներ կգան, Մխիթար Զաքարյանը պատասխանեց. «Այդ տերմինալի մասով տեղյակ եմ, որ իրենց սրտի օլիգարխը մեծ ցանկություն ունի, մնացածը կտեսնենք։ Ուզում են, թող բերեն-դնեն, ինչո՞ւ են այսպես անհանգստացել»։