«Դա տիպիկ տնային բռնություն իրականացնող անձի վարվելակերպ է․․․ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է նման բան անել». Արմինե Ադիբեկյան

«Ադրբեջանի ռազմական ուժերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերից 50 մետր հեռավորության վրա, այսինքն՝ դա ոտքի ճանապարհ է, մարդիկ խանութ են գնում 50 մետր հեռավորության վրա, իսկ այստեղ զինված, ագրեսիվ Ադրբեջանի ռազմական ուժերն են կանգնած: Ներքին Խնձորեսկում պատշգամբից երևում են իրենց վրանները, հրաձիգներով զինվորները, և ցանկացած ժամանակ, ցանկացած պահի, երբ Բաքվից հրահանգը կգա, կսկսեն գյուղերով առևանգել, այսինքն՝ կմտնեն գյուղ, կհավաքեն կտանեն, և ոչ ոք ոչինչ չի անելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ունեն իրենց երևակայած Սյունիքը, Արցախը, խաղաղությունը, եղբայրությունը, և նրանց վիրտուալ պատկերացրած Հայաստանում Սյունիքն անվտանգ է.

«Ռեալ Սյունիքը վտանգված է: Ասեմ ավելին՝ նրանք կարող էին լինել վտանգված, բայց ՀՀ իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկեին, որ պաշտպանեին այդ բնակչությանը, բայց դա էլ չի արվում: Երբևէ լսե՞լ եք, որ ՀՀ պաշտպանության նախարարն ինչ-որ հայտարարություն անի՝ ի պաշտպանություն հայկական բնակավայրերի: Իհարկե, ադրբեջանցիներն անասունների էլ կգողանան, մարդ էլ կծեծեն, կսպանեն, որովհետև ադրբեջանական կողմը տեսնում է, որ անպատիժ է մնալու: Նրանք այնքան են ահաբեկելու սահմանամերձ տարածքում բնակվող մարդկանց, որ հայաթափվի այդ տարածաշրջանը, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է հայաթափված Սյունիք: Երբ մեզ վստահեցնում են, որ պատերազմ չի լինելու, պատերազմը լինում է հազար ու մի տեսակի, արդեն հրետանու կարիք չկա, իրենք այնքան են մոտեցել մեզ, որ կարող են տարրական ահաբեկչությունով մարդկանց ստիպել, որ մարդիկ լքեն իրենց տները, դառնան փախստական իրենց սեփական երկրում: Ալիևն ասում է՝ մենք եկել ենք Զանգեզուր, վե՛րջ, մենք էլ այստեղից չենք գնալու, և հայերը մեզ այստեղ պետք չեն, որովհետև մենք չենք վստահում հայերին: Եվ նրանք ամեն ինչ անելու են, որ Սյունիքը հայաթափվի, իսկ Սյունիքն արդեն սկսել է հայաթափվել»:

Արմինե Ադիբեկյանն ընդգծեց՝ սյունեցիներն իրենց իսկ մաշկի վրա են զգում Փաշինյանի կործանիչ քաղաքականության հետևանքները.

«Շիրակում նման խնդիր դեռ չկա, նրանք իրենց տների տերն են, իրենց բերքի տերն են, իրենց հոտի տերն են, և միակ բանը, ինչ նրանք սպասում են Փաշինյանից՝ իրենց փարոսները շատանան, թոշակները շատանան, և ինչ հնարավոր ձրի բարիք կա՝ գա հասնի իրենց դուռը: Սյունեցիների, արցախցիների մոտ շատ ավելի սուղ է՝ այնտեղ, իրոք, կենաց-մահու պայքար է գնում, այդ մարդիկ ոչ միայն ստանալու, այլև եղածը պահելու խնդիր ունեն, կենսական խնդիր ունեն և շատ լավ դա գիտակցում են: Եվ եթե այսօր ՀՀ յուրաքանչյուր բնակիչ չկանգնի Սյունիքի թիկունքին և չպաշտպանի Սյունիքի ցանկացած քառակուսի միլիմետր հողը, վաղը չէ մյուս օրը նույն խնդրի առաջ կանգնելու է Շիրակը, որովհետև Թուրքիան շատ մոտ է Շիրակին:

Շատ հավանական է, որ Թուրքիան իր զորքերը մտցնի Հայաստան՝ դա բացատրելով կառուցվող կոմունիկացիաների պաշտպանությամբ: Ես վաղուց ասել եմ՝ դա մշակված ծրագիր է, և երբ Երևանի մեջտեղով հատող ճանապարհ է անցնում, և ես անձնագրով պետք է գնամ հասնեմ Մեղրի և վերադառնամ, ու մի շարք զինված անձինք պետք է որոշեն՝ թողնո՞ւմ են ինձ իմ երկրով ճանապարհորդել, թե՞ ոչ, դա նշանակում է՝ պետականության կորուստ: ՀՀ պետականության կորուստն արդեն սկսվել է, մնում է՝ թուրքերը զորքերը մտցնեն, և կամաց-կամաց ադրբեջանցիք սկսելու են առաջ գալ: Տեսնում են՝ անտեր հող է, գյուղացիներին պաշտպանող չկա, մարդիկ իրենց գործն են առաջ տանում»:

Հարցին՝ Ալիևն այս ընթացքում բազմաթիվ հայտարարություններ է արել, վիրավորել է Նիկոլ Փաշինյանին, իսկ նրա կողմից արձագանք չի եղել, բայց նեղսրտել էր սյունեցիների արտահայտություններից, նույնիսկ ԱԱԾ և Ոստիկանության պետերին Երևանից կանչեց Սյունիք, հրահանգեց անմիջապես զբաղվել սյունեցիներով. դա որևէ բացատրություն ունի՞, ինչո՞ւ Ալիևին չի պատասխանում, իսկ սյունեցիների դեպքում այդպես է վարվում, նա պատասխանեց.

«Բացատրություն ունի. դա տիպիկ տնային բռնություն իրականացնող անձի վարվելակերպ է, երբ տանը նա իր ընտանիքի անդամներին ահաբեկում է, ծեծում է, նվաստացնում է, նրանց փողերը վերցնում է՝ գնում է կազինոյում խաղում է, բայց դրսում ինքը խեղճ է: Այսինքն՝ կազինոյում իրեն կարող են ծեծել, դրսում կարող են թքել վրան, բայց նա չի համարձակվում օտարին դիմադրել, որովհետև վախենում է, օտարը նրա համար մեծություն է, իսկ նրա ընտանիքի անդամները ոչնչություններ են, որոնց վրա կարելի է ինքնահաստատվել: Սա հստակ հոգեբանության մեջ նկարագրված վարվելակերպ է: Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ նրանց ընտանիքում բռնության ակտեր են տեղի ունեցել: Ես չեմ պնդում, բայց այդ վարվելակերպը դրա մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է նման բան անել: Դրա համար, երբ Ալիևը հայհոյում է, անպատվում է, նա չի համարձակվում պատասխանել, բանաստեղծություններ է հղում, իսկ երբ տանը ընտանիքի որևէ անդամ, տվյալ պարագայում՝ Սյունիքի բնակչությունը փորձեցին կրկնել նույնը, նա բռնություն կիրառեց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս