««Շրջափակում» բառը մտավ շրջանառության մեջ դեռ Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածից՝ պետության վատ կառավարման փաստը կոծկելու նպատակով». Մետալուրգ

«Հայաստանը՝ որպես պղնձի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրումներ անելու հարցում հետաքրքրված երկրների ու պետությունների շրջանում»,- ապրիլի 19-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկումներն անընդհատ հանգեցնում են այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, կոմունիկացիաներն այս հարցում իսկապես կարևոր են:

«Ճիշտ է, կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը: Ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումն ու երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթայի տարբեր օղակներում: Այսինքն՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և դեպի ՌԴ: Եթե սա մենք ունենանք, վստահաբար մենք կունենանք պղնձաձուլարան՝ հետագա ցիկլերով վերամշակման, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար»,- նշեց Փաշինյանը՝ կասկած հայտնելով, որ Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում կորդեգրի Հայաստանի կոմունիկացիոն ապաշրջափակումը թույլ չտալու համար, բայց մենք լուրջ ենք տրամադրված և պատրաստ ենք գնալ առաջ, որպեսզի վերջապես հաղթահարենք Հայաստանի շրջափակումը:

Ինժեներ, մետալուրգ Գագիկ Շոլինյանի խոսքով՝ 2018թ. վերջին, երբ դադարեցվել է պղնձաձուլական գործարանի, այն է՝ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի աշխատանքը, եղել են բավարար պատճառներ, սակայն կարելի էր թերությունները շտկել ու առաջ շարժվել:

«Ալավերդու տարածաշրջանում 2017-2018թթ. տեղի է ունեցել գազոտվածության կտրուկ աճ, որը կարող էր 2018-2019թթ. ձմռանը տարածաշրջանի ազգաբնակչությանը կանգնեցնել բնապահպանական աղետի առաջ։ Առաջացած իրավիճակում «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի ձեռնարկատերը ոչ թե պետք է պետության անտարբերության պայմաններում դադարեցներ ՀՀ միակ պղնձաձուլական գործարանի աշխատանքը, այլ ընդամենը պետք է արդիականացներ ձեռնարկության տեխնիկական միտքը, այն է՝ ազատվեր իր համար խնդիր առաջացրած աշխատակիցներից, ապահովեր գոնե նախկին բարվոք բնապահպանական վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Շոլինյանը՝ ընդգծելով, որ, եթե արտադրական ձեռնարկությունների աշխատանքը նմանատիպ խախտումների ժամանակ ուղղիչ միջոցառումներ կիրառելու փոխարեն՝ յուրաքանչյուր անգամ դադարեցվեր, ապա աշխարհում մետալուրգիական ձեռնարկություններ չէին լինի:

Ինչ վերաբերում է կոմունիկացիոն ապաշրջափակմանը՝ նկատեց.

«Անկախացումից մինչև այժմ Հայաստանը երբեք չի եղել շրջափակման մեջ, քանի որ չորս հարևաններից երկուսի հետ միշտ էլ ունեցել է դեպի արտաքին աշխարհ բաց հաղորդակցման ուղիներ։ Շրջափակում բառը մտավ շրջանառության մեջ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածից՝ պետության վատ կառավարման փաստը կոծկելու նպատակով։ Ռուսաստանի հետ երկաթուղային կապ կարելի է ունենալ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-ՌԴ գոյություն ունեցող երկաթուղային կապով կամ Վրաստանից (Փոթի) լաստանավով ՌԴ մոտակա նավահանգիստ կապով, իսկ Իրանի հետ բեռնաշրջանառությունը մինչև հիմա էլ հաջողությամբ ապահովվում է բեռնատարներով։ Էներգետիկ ծախսումների պահով և՛ պղնձաձուլարանը, և՛ երկաթուղին չեն եղել և չեն լինելու ՀՀ-ում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիայի հիմնական սպառողը»:

Ավելի նպատակահար չէ՞ անցնել ռեալ ծրագրերի իրականացմանը

Մետալուրգի փոխանցմամբ՝ ավելցուկային էներգիայի սպառումը կարող է իրականացվել միայն բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների առկայության դեպքում։

«Այդ իմաստով 5-10 տարվա կտրվածքով անորոշ ապագա ունեցող ծրագրերի փոխարեն՝ ավելի նպատակահարմար չէ՞ սեփական ներուժի օգտագործմամբ անցնել տեղական հումքի վրա հիմնված՝ մի քանի ամսում աշխատանքային ռեալ ծրագրերի իրականացմանը։ Այսինքն, ներսում առաջացած կապիտալը պետք է ներդրվի ներսում, ու այս խնդրի լուծումը կամ իրականացման մեխանիզմը պետք է կարողանա գտնել իշխանությունը։ Դրանով տնտեսության զարգացման համար կնվազի արտաքին կապիտալից կամ վարկերից կախվածությունը։

Խորհրդային ժամանակներից սկսած՝ Հայաստանն ունեցել է զարգացած հանքարդյունաբերություն, լեռնամետալուրգիական կոմբինատ (Ալավերդի), մալուխի արտադրման երկու գործարաններ (Երևան, Կամո), էլեկտրական շարժիչների արտադրություն (Երևան)։ Հանքաարդյունաբերությունը կա և հիմա էլ գործում է։ Արտադրված պղնձի խտանյութերի արտահանման փոխարեն՝ պետք է դրանք վերամշակել հանրապետության ներսում՝ ստանալով մետաղական մաքուր, այսինքն՝ ազնիվ մետաղներից և այլ խառնուրդներից զտված պղինձ, որը մալուխի և էլեկտրական լարերի արտադրության համար կհանդիսանա որպես հումք։ Այսինքն՝ հեծանիվ հնարել պետք չէ, ընդամենը պետք է վերականգնել դեռ խորհրդային տարիներին գործած և անկախացման շնորհիվ ընդհատված շղթան, այն է՝ կառուցել կամ վերականգնել պղնձաձուլական գործարանը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս