Նիկոլ Փաշինյան․ մերժվածը

Հարյուրավոր ոստիկանների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, հսկայական թիկնազորի ուղեկցությամբ գողեգող Սյունիք գնացած Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցավ այն, ինչի միջոցով 2018 թվականին նա եկավ իշխանության։ Նիկոլ Փաշինյանին մերժեցին։ Ոչ թե ուղղակի մերժեցին, այլ մերժեցին սարսափելի հայհոյանքներով ու անեծքներով։ Մերժեցին Սյունիքի՝  Ագարակի, Մեղրիի բնակիչները, որոնց փոքր հայրենիքի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է միջանցք տրամադրել Ադրբեջանին ու Թուրքիային՝ գոյաբանական սպառնալիք ստեղծելով մեծ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար։

Նիկոլ Փաշինյանն Ագարակի, Մեղրիի փողոցներում անցավ արժանապատվության ու ինքնասիրության թեստ, որն ամբողջությամբ տապալեց։ Հայհոյանքների տարափի տակ բարձրախոսը ձեռքին գլխիկոր հեռացող Նիկոլ Փաշինյանը գուցե միայնության պահին հասկանա, որ իր ղեկավարման ու չղեկավարման արդյունքում Հայաստանն ու հայ ժողովուրդն է հայտնվել այդպիսի գլխիկոր վիճակում բոլոր նրանց առաջ, ում հանդեպ թշնամական վերաբերմունքն ինքն առաջարկում է փոխել՝ հանուն տնտեսական, առևտրային ինչ-որ հեռանկարների։

Սյունիքի բնակիչները ցույց տվեցին, որ իրենք ոչ միայն չեն ցանկանում իրենց հայրենիքը թշնամուն հանձնելու գնով լավ կյանք կառուցել, այլ նման կերպ կվարվեն բոլոր նրանց հետ, ովքեր իրենց ներքին ու արտաքին հաշվարկներում կփորձեն առևտրի առարկա դարձնել Սյունիքն ու Մեղրին։

Նիկոլ Փաշինյանի համար Սյունիքում, Ագարակում, Մեղրիում տեղի ունեցածը պետք է որ տհաճ լիներ, առավել քան տհաճ։ Բայց մարդկայնորեն տհաճ լինելով, իր նկատմամբ սարսափելի հայհոյանքներով ուղեկցված ընդունելությունը, ավելի ճիշտ՝ մերժումը, Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել քաղաքական իմաստով, մասնավորապես՝ արտաքին խաղացողների հետ հարաբերություններում կատարվածը ներկայացնելով՝ որպես որևէ միջանցքի վերաբերյալ որևէ խոսակցության նկատմամբ հանրային դժգոհություն ու ցասում։ Նիկոլ Փաշինյանը դա կարող է անել, եթե նա հաշվետու ու պատասխանատու է զգում սեփական հանրության և ոչ թե՝ արտաքին խաղացողների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շահառուների հանդեպ։

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Զանգեզուրի վերաբերյալ հերթական զառանցանքով՝ հայտարարելով, որ եթե հայերը չհամաձայնեն Մեղրիի միջանցքի տրամադրմանը, իրենք դա կանեն ուժով։ Հայաստանից Ալիևի այս հայտարարությանը պաշտոնապես հնչել է միայն ԱԳՆ խոսնակի վախվորած պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը, ով իր ներքին քաղաքական հակառակորդների ամեն մի հայտարարության պատասխանում է առանձնակի ցասումով ու վրեժով, որևէ բառ չի արտասանել՝ ի պատասխան Ալիևի։

Ահա այդ համատեքստում, Սյունիքում, Մեղրիում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած հայհոյանքներն ու իրենց տարածքը լքելու մասին ժողովրդական խոսույթի կոպիտ բառով արված արտահայտությունն իրականում պատասխան էր Իլհամ Ալիևին։ «Նիկոլ ս…, գնա, էլ չգաս»,- սյունեցիները այսպես Փաշինյանին վռնդեցին Ագարակից, Մեղրիից:

Հայհոյելով Նիկոլ Փաշինյանին՝ Սյունիքի՝ Ագարակի, Մեղրիի բնակիչներն իրականում հայհոյում էին նաև Ալիևին, քանի որ հենց նա է այն ամենի շահառուն, ինչի դեմ պայքարում են սյունեցիները, և ում երազանքն այդքան նախանձախնդրորեն ցանկանում է կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանը։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս