«Մենք խաղաղության մեջ չենք, եթե պատերազմական գործողություններ չկան՝ չի նշանակում, որ սկսվել է խաղաղություն». Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ, գնդապետ Բորիս Ավագյանի խոսքով՝ եթե ՀՀ ԱԺ անկախ կամ իշխանական պատգամավորները գերիների խնդրի առնչությամբ ունեն հարցադրումներ, կարող են դիմել և ստանալ հարցի պատասխաները՝ հնարավոր շահարկումներից խուսափելու համար։

«Մշտապես խոսել խնդրահարույց հարցից և ասել, որ պատասխաններ չունեն… Ես պատգամավորներին առաջարկեցի, որպեսզի նրանք ստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ ստանան իրենց պատասխանները։ Եթե չստանան, կարող են ասել՝ սիրելի հասարակություն, մեր հարցի պատասխանը բաց է մնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը։

Նա նաև շեշտեց՝ 25 տարի թշնամին պատրաստվել է հայկական կողմի դեմ պատերազմելու համար, մինչդեռ հասարակության մի հատվածի մոտ եղել է իլյուզիա, թե արդեն խաղաղության մեջ են։

«Սակայն մենք խաղաղության մեջ չենք, այսօր էլ մենք խաղաղության մեջ չենք, մեր առջև ունենք թշնամի պետություն, որի հետ ընթանում են բանակցություններ։ Եթե պատերազմական գործողություններ չկան, ապա դա չի նշանակում, որ սկսվել է խաղաղություն, խաղաղություն լինում է, երբ ստորագրվում է  խաղաղության պայմանագիր։ Որևէ մեկը տեսե՞լ է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Մեր թշնամին ագրեսիվ է, և առաջին անգամ չէ, որ այդպիսին է։ Երբ թշնամին բացում է մի խաղահրապարակ, որտեղ ներկայացնում է մեր զինվորականներին ոչ պարկեշտ կերպով, ես համարում եմ, որ նա ագրեսիվ թշնամի է»,- հավելեց  Բորիս Ավագյանը։

Ինչ վերաբերում է առկա բոլոր խնդիրների առնչությամբ Եվրամիության դիրքորոշումներին, Բորիս Ավագյանը նշեց. «Բոլորդ էլ գիտեք, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել մեր համաձայնագիրը Եվրամիության հետ, եթե բոլորդ վերլուծեք, ապա կտեսնեք, որ վերցրել ենք պարտականություն՝ սառեցնել ու կանգնեցնել Մեծամորի ատոմակայանը, որը սարսափելի հետևանքներ կունենա էներգետիկ անվտանգության տեսանկյունից, մյուս կողմից էլ՝ մեծ հարված կլինի մեր տնտեսությանը։ Այս ամենի մասին պետք է հասարակությանը բացատրել, ասել, որ այնպիսի պարտականություներ ենք վերցրել մեզ վրա, որոնք շատ լուրջ հետևանքներ կունենան մեր երկրի ու ժողովրդի վրա»։

Նա նաև ընդգծեց, որ նույն համաձայնագրով հայկական կողմը պարտավորություն է  ստանձնել, որ պետական բոլոր կառույցներում կլինեն խորհրդատուներ, ցանկացած տրամաբանություն ունեցող մարդ ենթադրում է, որ այդ խորհրդատուները լինելու են հատուկ ծառայության աշխատակիցներ, որոնք գալու են և պետական կառույցներին տան խորհուրդներ։

«Այն վտանգները, որոնք գալիս են Եվրամիության այդ համաձայնագրից, գնահատում եմ բարձր։ Կարծում եմ՝ պետք է բացառել տարբերակը, որ Մեծամորի ատոմակայանը կարող է կանգնեցվել, դա կարելի է  անել այն ժամանակ, երբ կառուցված կլինի երկրորդը։ Նաև՝ Եվրամիությունից ՀՀ պետական կառույցներում որևէ խորհրդատու պետք չէ»,- նշեց Բորիս Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս