Բաժիններ՝

«Իրանական ապրանքի ներմուծումից տեղական արտադրությունը չի տուժում և առնվազն գտնվում է շահեկան վիճակում». Էկոնոմիկայի փոխնախարար

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ պատգամավորների բարձրացրած այն մտահոգություններին, թե տեղական արտադրողն ինչպես է պաշտպանվում այն պայմաններում, երբ Իրանից էժան վարունգ և լոլիկ է ներկրվում։

«Թուրքիայի մասով ապրանքների ներկրումն արգելված է, Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մեկը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը բարձրացրել է ապրանքի գինը։ Ինչ վերաբերում է  Իրանից վարունգի և լոլիկի ներկրմանը, մենք այդ ամենն ուսումնասիրում ենք, հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։ Այն ապրանքնատեսակները, որոնք ներմուծվում են Իրանից, մեր գործընկերներն իրականացնում են համապատասխան հաշվարկները, մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ մեր տեղական արտադրությունը չի տուժում և առնվազն գտնվում է շահեկան վիճակում։ Խնդիրն այն է, որ, այո, ապրանքի գինը թանկացել է զուտ ծախսի տեսանկյունից»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Ըստ նրա՝ 20-30 օր այս պրոցեսը կարող է ընթանալ, քանի որ թանկ ապրանքը ստացել են վերջին ամիսներին։

Ինչ վերաբերում է  Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին, Վարոս Սիմոնյանը պարզաբանեց, որ, երբ որոշեցին հոկտեմբերին արգելել թուրքական ապրանքների ներկրումը, 2350 ապրանքատեսակի մուտքն ավտոմատ փակվել է, սա՝ այն դեպքում, երբ ՀՀ ներմուծվում էր 2900 անուն ապրանքատեսակ։

«Այնուհետև այս տարվա փետրվարին որոշման մեջ փոփոխություն եղավ, որի դեպքում որոշ կոդեր ավելացվեցին, քանի որ այն կարճ ժամանակը, որը տրված էր մեր տնտեսվարողներին, որպեսզի նրանք այլընտրանքային շուկաներից բերեն այդ ապրանքները, նրանց մոտ չի ստացվել»,- հավելեց Վարոս Սիմոնյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս