Ժառանգության և Ազատ Դեմոկրատների միջև 2-րդ սկանդալն է հասունանում. մամուլ
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների մեջ երկրորդ սկանդալն է հասունանում: Ինչպես հայտնի է՝ օրերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դիմել է Աժ նախագահին` միջազգային պատվիրակություններում ներկայացնելով «Ժառանգության» նոր անդամներին, որոնց կազմում չկան իրենց կուսակցությանն ապահարզան հայտարարած ԱԴԿ ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը:
Ավելին, «Ժառանգությունը» ցանկանում է Ալիկ Արզումանյանին հետ կանչել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, որտեղ նա նշանակվել էր «Ժառանգության» քվոտայով: Սակայն Արզումանյանը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը:
Երեկ Քոքոբելյանն ու Արզումանյանն Աժ միջանցքում բավական երկար զրուցում էին Աժ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի հետ: Իսկ «Ժոդովուրդի» հարցին ի պատասխան` Արզումանյանն ասաց, թե Աժ կանոնակարգում չկա ետկանչի մեխանիզմ: «Աժ կանոնակարգ օրենքի 26 հոդվածի 3-րդ կետի համաձայն` կա այդ պաշտոնից հրաժարական ներկայացնելու տարբերակ, ետկանչի մեխանիզմ չկա: Այնպես որ, այս հարցը կարգավորվել է Աժ կանոնակարգ օրենքով»,- նշեց Արզումանյանը`ասելով, որ ինքը հրաժարական չի ներկայացնելու»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: