Դրամի թուլացումը ծանր բեռ է. ովքե՞ր են ձեռքերը տաքացնում շուկայի անկայունության վրա

Կենտրոնական բանկի ու կառավարության անտարբեր հայացքի ներքո, վերջին մի քանի օրերին դրամը շուկայի հիմնական արժույթներից մեկի՝ դոլարի նկատմամբ թուլացավ շուրջ 15-16 կետով։ Միայն դրանից հետո գլխավոր դրամատունը հայտարարեց, որ արժութային շուկայում որոշակի գործառնություններ կիրականացնի։ Մինչ այդ ազգային արժույթը դոլարի նկատմամբ հասցրել էր արժեզրկվել առնվազն ևս 3 տոկոսով։

Դրա հետևանքով շատերը նաև լուրջ ֆինանսական կորուստներ ունեցան՝ ստիպված լինելով ձեռք բերել թանկ տարադրամ։ Շահեցին նրանք, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել շուկայի անկայունության վրա։

Կենտրոնական բանկի միջամտությունից հետո լարվածությունը որոշ չափով թուլացավ։ Բայց փոխարժեքները շարունակում են մնալ ավելի բարձր, քան մինչև վերջին զարգացումներն էին։

Ընդհանուր առմամբ անցած տարվա նոյեմբերից մինչև հիմա դրամի արժեզրկումը կազմել է գրեթե 10-11 տոկոս։ Եթե մինչ այդ դոլարի գինը տատանվում էր 485 դրամ միջին փոխարժեքի շրջանակներում, ապա վերջին օրերին հասավ ընդհուպ 544-ի։ Կենտրոնական բանկի միջամտությունից հետո իջավ 530-534-ի։

Դրամի թուլացման հետևանքով բարձրացել է նաև եվրոյի գինը։ Եվրոպական արժույթի փոխարժեքը փոխանակման կետերում տատանվում է 630 դրամի միջակայքում։

Պարզ է, որ դրամի արժեզրկումն այս կամ այն կերպ ազդել է նաև մյուս արժույթների, այդ թվում՝ ռուսական ռուբլու վրա։ Բայց քանի որ ռուբլին դրսում արժեզրկվում է, այդ ազդեցությունը հիմնականում նկատելի չէ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռուբլու գինը 7 դրամի սահմաններում է։

Այն, ինչ տեղի է ունենում դրամի հետ, գնալով ավելի մտահոգիչ է դառնում։ Դրամի արժեզրկումը շատ ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում, և ոչ միայն՝ գնաճի համար։ Խնդիրներն ավելանում են՝ հատկապես անկայունության ու տատանումների հետևանքով։

Ակնհայտ էր, որ վերջին շրջանում շուկայում լարվածությունը մեծացել էր։ Որպեսզի այն չխորանար և չվերածվեր աժիոտաժի, հարկավոր էր ժամանակին կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ սպասումները չեզոքացնելու համար։

Որքան էլ համարենք, որ Կենտրոնական բանկն իրականացնում է լողացող կուրսի քաղաքականություն, վերջինս իրավունք չունի անտարբերությամբ հետևել շուկայում պարբերաբար նկատվող ակտիվացմանը, որը, օբյեկտիվ գործոններից բացի, նաև սպեկուլյատիվ տարրեր է պարունակում։

Ճիշտ է, ԿԲ-ն միջամտում է հիմնականում կտրուկ տատանումներին՝ փորձելով մեղմել դրանք, բայց այնպես չէ, որ վերջին օրերին արժութային դաշտում տեղի ունեցող դրսևորումները պակաս վտանգավոր էին և միջամտելու կարիք չկար։

Միջամտելու կարիք կար և ավելի շուտ։ Ավելի շուտ միջամտելու պարագայում ԿԲ տարադրամային կորուստներն էլ ավելի քիչ կլինեին։

Կենտրոնական բանկն այս պահին տարադրամի զգալի պաշարներ ունի, բայց դրանք պետք է ճիշտ օգտագործել։

Մարտի վերջին ԿԲ պահուստները կազմել են 3 մլրդ դոլար։

Իհարկե, պահուստների այս բարձր մակարդակը ոչ թե տնտեսության զարգացումների, այլ արտաքին պարտքի մեծացման հաշվին է։ Եվրոպարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված տարադրամային միջոցները կամ դրանց մի մասը փոխարկվել և համալրել են Կենտրոնական բանկի պահուստները։

Այդ պահուստները հիմա մեզ, անշուշտ, շատ են պետք՝ արտաքին հատվածում առաջացող տարադրամային պահանջարկը բավարարելու համար։ Սակայն դա չի նշանակում, թե ներքին արժութային շուկայի կայունությունը պակաս կարևոր է։ Ինչքան էլ համարվի, որ դրամի թուլացումը նպաստավոր կարող է լինել տնտեսության արտահանելի հատվածի համար, անհնարին է անտեսել սոցիալական գործոնի նշանակությունը։

Դրամի թուլացումը խթանում է աղքատությունը։

Մեծ հարց է նաև, թե դրա արդյունքում ինչ է շահում տնտեսությունը։ Մեր արտահանման ամենամեծ հատվածը նստած է հանքարդյունաբերության վրա, իսկ հանքարդյունաբերությունը մրցակցային խնդիրներ չունի արտաքին շուկաներում։

Ներմուծման թանկացումը գուցե նպաստավոր է ներքին շուկայում տեղական արտադրության մրցունակության բարձրացման համար։ Բայց դա չի նշանակում, թե ներքին տնտեսությունը պետք է սուբսիդավորել սպառողների գրպանի հաշվին։ Առավել ևս հիմա, երբ սոցիալական խնդիրները շատացել են։

Պարզ է, որ դրամի այսօրվա վարքագիծն ուղիղ համեմատական է, առաջին հերթին՝ տնտեսության ներկա վիճակին։ Մեր երկրի ու տնտեսության տարադրամային դիմադրողականությունն էապես ընկել է։ Մի կողմից՝ պակասել են արտաքին հատվածից ստացվող արժութային հոսքերը, մյուս կողմից՝ ավելացել է ներքին անկայունության ու անորոշության հետևանքով ձևավորված տարադրամային պահանջարկը՝ մեծացնելով ճնշումն ազգային արժույթի վրա։

Թե սա դեռ ինչքան կշարունակվի, կախված է ներքին կայունությունից ու տնտեսության առաջիկա զարգացումներից։ Տնտեսության այսօրվա միտումները շատ հեռու են նախկին մակարդակին հասնելուց, որքան էլ խոսվի վերականգնման մասին։ Շարունակում են պահպանվել, նույնիսկ ավելանալ այն հիմնական խոչընդոտները, որոնք, ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ ֆինանսական շուկայում մեծացրել են լարվածությունը։

Այդ ամենի հետևանքով տնտեսական հատվածի անկայունությունն աստիճանաբար տեղափոխվում է ֆինանսական համակարգ։ Լարվածությունը մեծացել է ոչ միայն դրամային շուկայում, այլև բանկային համակարգի ներսում։

Դրամի թուլացումը ծանր բեռ է՝ հատկապես տարադրամային վարկեր ունեցողների համար։

Մեր բանկային համակարգի վարկային պորտֆելի գրեթե կեսը տարադրամային վարկերն են, ինչը նշանակում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դրամի թուլացման հետևանքով այս ընթացքում ոչ միայն բախվել են գնաճի ծանր հետևանքներին, այլ ստիպված են եղել անհամեմատ ավելի շատ մասհանումներ անել՝ իրենց վարկային պարտավորությունների սպասարկման համար։

Սա վերաբերում է ոչ միայն քաղաքացիներին, այլև տնտեսությանը, որը ծանրաբեռնված է մեծաքանակ տարադրամային վարկերով։

Այնպես որ, դեռ հարց է՝ դրամի թուլացումից տնտեսությունն ավելի շատ շահո՞ւմ է, թե՞ տուժում։

Դրամի արժեզրկման հետևանքները բազմազան են։ Առաջիկայում առիթներ կունենանք դրանց առնչվելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս