«Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական համակարգում՝ ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի». Բաբկեն Թունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգը հաստատելուց հետո, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մի քանի դիտարկում արեց՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի Սևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
«Ինքս խուսափում եմ անձնական, հասցեական որոշ մարդկանց բաներ ասելուց, բայց այս անգամ ստիպված եմ ասել։ Եթե մարդիկ պետական կառավարման համակարգում ունեն փորձ, երկար տարիներ զբաղեցրել են բարձր պաշտոններ, իրենց համարում են լավ մասնագետներ, տնտեսագետներ, այդ մարդիկ իրենց հանրային խոսքի նկատմամբ պետք է մաքսիմալ զգույշ լինեն։ Չանեն այնպիսի հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, այլև միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը։ Ես սա ասում եմ ոչ թե հակադարձելու կամ ինչ-որ մեկին պաշտպանելու համար, այլ որովհետև այդ մարդիկ շատ վատ հասարակական մթնոլորտ են ձևավորում»,- նշեց Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը վստահ շեշտեց, որ հանրահավաքում Հրանտ Բագրատյանի հնչեցրած բոլոր պնդումները սուտ են։
«ԱԺ նախագահի ու վարչապետի եկամուտների վերաբերյալ տվյալները դեռ չեն հրապարակվել, և հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա չկա, 120 մլն դոլար պարգևավճար պետական համակարգում չի եղել։ Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական համակարգում՝ ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը։