«Ստվերը կա ու միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն արդյունավետ է». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հերքում է տեղեկությունը, թե իր ընտանիքի անդամները, մասնավորապես՝ հայրը, զբաղվում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին մարդկանց հավաքագրելով։

«Իմ ընտանիքը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, ավելին՝ չի զբաղվում։ Իմ հայրը համայնքի ղեկավար է աշխատում 2008 թվականից սկսած, ընդ որում՝ համայնքի ղեկավար է՝ որպես անկուսակցական, և ընտրություններին մասնակցել է՝ որպես անկուսակցական։ Որևէ քարոզարշավի համայնքի շրջանակներից դուրս երբեք չի ներգրավվել։ Բնակիչներին որևէ մեկը հանդիպման վայր չի ուղղորդել։ Բնակիչներն իմացել են, որ երկրի վարչապետը գալիս է իրենց համայնք, մեծ ուրախությամբ ներկա են գտնվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։

Հարցին՝ այսօր Հայաստանում բիզնեսի քանի՞տոկոսն է ստվերում, ՊԵԿ նախագահն ասաց, որ ստվերի վերաբերյալ գնահատականներին դեռևս վաղ է անդրադառնալ։

«Ստվերը կա ու միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որը, այսպես ասած, արդյունավետ է։ Թե ինչքան է կազմում ստվերը, ներկայումս գնահատում ենք, և այդ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Երբ ունենանք վերջնական գնահատական, մենք մեր աշխատանքի արդյունքները կհրապարակենք, դա բավականին երկար գործընթաց է»,- հավելեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս