Բաժիններ՝

Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողների:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են Հանրապետության նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ նախագահն իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում աջակցի դրանց լուծմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել աջակցելու համար: «Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանք դա զգան և հասկանան, որ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս